Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից․ Ավետիքյան

Իրավաբան Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայտնում եմ, որ մեր ընկերությունը ստանձնել է Հայաստանի ազգային հերոս, գեներալ – լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը:

Իրավական խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրման արդյունքում համոզվել ենք, որ հայոց բանակի բարձրաստիճան սպան Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Նշում եմ նաև, որ օրենքի համաձայն դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը, այսինքն ՀՀ նախագահի հրամանագիրը` մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Օրենքի շրջանակներում անելու ենք ամեն ինչ, որ խնդրո առարկա ազատման հրամանագիրը դատական կարգով անվավեր ճանաչվի»:

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան և պահանջում է անվավեր ճանաչել նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Գործը մակագրվել է դատավոր Մերի Համբարձումյանին։

Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021թ. փետրվարի 24-ին հրամանագրով Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել