ՃՈ-ի կողմից տուգանքը անհիմն էլ կրկնապատկվել

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Սայադ Բադալյանի՝ 10.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, իսկ Սայադ Բադալյանը` հակընդդեմ հայց ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` տուգանքը գանձելուն ուղղված գործողություններն անօրինական ճանաչելու պահանջի մասին:

Ճանապարհային ոստիկանության 25.11.2011 թվականի որոշմամբ, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի, Պատասխանողը ենթարկվել է վարչական տույժի` տուգանք 5.000 դրամ, որը համաձայն ՎԻՎ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի հնգապատկվել և կազմում է 15.000 դրամ (5.000 դրամը վճարվել է 28.12.2011 թվականին):

Այսպես, 25.11.2011 թվականին՝ ժամը 09:10-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն («… երթևեկելիս չէր օգտվում անվտանգության ամրագոտիներից»):

Սույն գործով Վարչական դատարանը հաստատված է համարել այն փաստական հանգամանքը, որ 25.11.2011 թվականին արձանագրությունից հետո պատասխանողի կողմից 26.12.2011 թվականին վճարվել է 5.000 դրամ գումար: Այս առումով սկզբնական հայցադիմումով ներկայացված այն հանգամանքը, որ պատասխանողը վճարել է 5.000 դրամ տուգանքի գումարը միայն 28.12.2011 թվականին, չի համապատասխանում իրականությանը:

Այս կապակցությամբ Վարչական դատարանը գտել է, որ 30-օրյա ժամկետի վերջին օրը` 25.12.2011 թվականի կիրակի օրը ոչ աշխատանքային օր է, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի և 83-րդ հոդվածների ուժով ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը, իսկ եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Ուստի, որ պատասխանողը տուգանքը նշանակելու մասին որոշումն իրեն հանձնելու oրվանից հաջորդող 30-օրյա ժամկետը չի խախտել և սահմանված տվյալ ժամկետում վճարել է 5.000 դրամ գումար, որպիսի պարագայում տուգանքի չափը չէր կարող եռապատկվել ու հնգապատկվել, քանի որ ՎԻՎ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-4-րդ մասերում խոսքը գնում է չվճարված տուգանքի գումարի մասին:

Ուստի դատարանը վճռեց ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության սկզբնական հայցի ընդդեմ Սայադ Բադալյանի, կարճել ամբողջությամբ, իսկ հակընդդեմ հայցը բավարարել ամբողջությամբ:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել