Ես լիահույս եմ, որ ՄԱԿ-ն առաջիկայում կկարողանա աշխատել նաև Արցախում․ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ

Նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում կարևորվել են գործընկերային հարաբերությունների արդյունավետ շարունակականությունն, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության հեռանկարները․

«Նախարարության և ՄԱԿ-ի համագործակցությունը տասնամյակների փորձ ունի։ Մենք բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որը կատարում եք Հայաստանում։ Համավարակով և պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ սոցիալական խնդիրները Հայաստանում այլ տեսք են ստացել, որոնք էականորեն փոխել են նաև մեր առաջնահերթությունները։ Ուստի, շնորհակալ եմ նաև այն արագ արձագանքման և ցուցաբերած աջակցության համար, որ այս ընթացքում ստացել ենք Ձեր կողմից»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը։

Զրուցակիցները քննարկել են նաև համատեղ իրականացված աշխատանքները՝ արցախցիների կացարանների ապահովման, հյուրընկալված քաղաքացիների կոմունալների վճարման, ժամանավոր աշխատատեղեր ստեղծելու, կանանց դերի բարձրացման, գենդերային հավասարության ապահովման և մի շարք այլ ծրագրերի շրջանակում։

«Ձեր նախարարությունը մեր հիմնական գործընկերներից մեկն է․ Ձեզ հետ ենք՝ թե՛ երկարաժամկետ, և թե՛ կարճաժամկետ ծրագրերի իրականացման ճանապարհին»,- նշել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը։

«Դժբախտաբար, այս պահի դրությամբ ՄԱԿ-ը դեռևս չի կարող ուղղակիորեն աշխատել Արցախում, բայց ես լիահույս եմ, որ ՄԱԿ-ն առաջիկայում կկարողանա աշխատել նաև այնտեղ»,- նշել է Մարիյասինը։

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած պատրաստակամության համար՝ նախարար Մեսրոպ Առաքելյանն ընդգծել է, որ հետպատերազմյան իրավիճակում համատեղ աշխատանքներ են տարվում վիրավորում ստացած զինծառայողներին աջակցելու, կարիքները գնահատելու և դրանց համարժեք լուծումներ գտնելու ուղղությամբ։

Կողմերը քննարկել են նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար զբաղվածության ապահովման, սոցիալական վերականգնողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունն ու տարբերակները»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել