ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

2021 թվականի փետրվարի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ.  Բեդրիխ Կոպեցկուն և հյուպատոս Անի Շագինյանովային:

Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայության մամուլի հաղորդագրությունից:

Անդրադառնալով հայ-չեխական իրավական կապերի հետագա ամրապնդմանն ու գործընկերային հարաբերությունների զարգացման հնարավորություններին` Սասուն Խաչատրյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը երկու երկրների համանման գործառույթներ իրականացնող կառույցների միջև համագործակցության կարևոր հիմք կհանդիսանա:

 Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրից ապօրինի կերպով դուրս բերված ակտիվների վերադարձի և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության հետ կապված քննչական աշխատանքների կազմակերպման և մի շարք այլ հարցերի շուրջ համագործակցության նոր ուղիներ ստեղծելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել նաև հիշյալ հանցագործությունների ոլորտում Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների փորձի ուսումնասիրման անհրաժեշտությանը: 

Չեխական կողմը շնորհակալություն է հայտնել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների իրավապահ մարմինների միջև անմիջական համագործակցության ապահովման և փոխադարձ այցերի կազմակերպման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել