Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնում է, որ ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ դատարան ներկայացված բողքի հետ կապված դատական նիստ է նշանակվել։
Այս մասին նա գրում է․
«Բողոքի քննությունը նշանակվել է 2021թ. փետրվարի 15-ին (երկուշաբթի) ժամը 10:30-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Երևան, Նոր նորքի 4-րդ զանգված Գյուլիքևխյան փող. 20, թիվ 2 դահլիճ, դատավոր՝ Հ.Մանուկյան)։
Հ.Գ. Հիշեցնում եմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին»:
Ավելի վաղ Արա Զոհրաբյանը հայտնել էր․
«Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին:
ՀՔԾ ավագ քննիչը 04.02.2021թ. գրությամբ տեղեկացրել է, որ՝ դատախազությունը նշված հաղորդումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի 2020 թվականի նոյեմբերի 19-ի հարցազրույցի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված թիվ 62227420 քրեական գործին կցելու և դրանում նշված հանգամանքների շուրջ քննություն կատարելու համար։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների համաձայն 10 օրվա ընթացքում հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
1) քրեական գործ հարուցելու մասին.
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:
Առ այսօր դատախազությունից կամ հատուկ քննչական ծառայությունից չենք ստացել այս երեք որոշումներից ոչ մեկը»։