Գերիների անհապաղ վերադարձի հարցը ՄԻՊ-ը ներկայացրել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանի հետ հանդիպմանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբայի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը։

«Արման Թաթոյանն առաջնահերթ բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։ Նա շեշտել է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։

Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանը ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու լարվածություն առաջացնելու նպատակով:

Կարևորվել է մարդու իրավունքների պաշտպանության խթանման հարցում Ուկրաինայի գերագույն ռադայի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը։

Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել