Քննիչը և նրա լիազորությունները

Քննիչը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն:

Քննիչը լիազորված է հանցագործության դեպքով նախապատրաստել նյութեր և հարուցել քրեական գործ և օրենսգրքով սահմանված ենթակայության կանոններին համապատասխան գործն ընդունել իր վարույթ կամ քննության համար ուղարկել այլ քննիչի, իր վարույթում եղած գործի քննության ընթացքում հարուցել քրեական գործ, եթե հայտնաբերվել է նոր հանցագործության դեպք, որը կատարել է այլ անձ: Քննիչը նաև իրավասու է օրենքով սահմանված դեպքերում մերժել քրեական գործ հարուցելը: Քննիչը քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու նպատակով:

Քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ,օրենքի դրույթներին համապատասխան իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական դատավարական օրենքով նախատեսվում է դատարանից ստանալ թույլտվություն: Քննիչը պատասխանատվություն է կրում քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին կատարելու համար:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել