Սահմռկեցնող սպանության հեղինակի գործն ուղարկվել է դատարան

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ավարտվել է Ս.Երեմյանի կողմից 2013թ. հունվարի 3-ին «Դալմայի այգիներ»-ում Ա.Հունանյանին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի ցուցումով Ս.Երեմյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով (նախկինում նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով): Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Դատախազության մամուլի բաժնի փոխանցմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Երեմյանը, ով նախկինում սպանություն կատարելու համար 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել, 2013թ. հունվարի 3-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում գտնվող և փաստացի իրեն պատկանող տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Ա.Հունանյանի հետ, որի ժամանակ տարբեր առարկաներով հարվածել է նրան` պատճառելով առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Մինչ դատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` սպանությունից երկու ժամ անց, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, Ս. Երեմյանը դանակով և կացնով որովայնի հատվածից երկու մասի է բաժանել Ա.Հունանյանի դին և թաքցրել տան հետնամասում գտնվող փոսում` այն ծածկելով խոտերով, մետաղյա ցանկապատով և այլ առարկաներով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Երեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով` Խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ կատարված սպանություն:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել