ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է ներկայացրել Նաիրա Զոհրաբյանի գրառման վերաբերյալ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ․

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը հրապարակվել են դեռևս 2020 թվականի մայիսի 5-ին՝ e-draft.am կայքէջում: Ավելի քան մեկ ամիս նախագծերը քննարկվել են ոլորտի շահագրգիռ պետական, մասնավոր և գիտական հատվածի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Օրենքի նախագծով ի թիվս այլ բարեփոխումների, առաջարկվում են նոր կարգավորումներ, որոնք նպատակաուղղված են ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորություն ապահովելուն: Այդ թվում՝ նախատեսվում է ներդնել

Պարզեցված կարգով համակենտրոնացումների թույլատրման ինստիտուտ,

Տուգանքների մեղմման մեխանիզմ:

Ժամանակակից մեխանիզմների ներդրմամբ փաստաթղթաշրջանառության վարում, տեղկատվության հավաքագրում, ինչը կհանգեցնի թե փաստաթղթաշրջանառության և թե ժամանակի էական կրճատման: Ընդ որում նվազագույնի կհասցվի նաև տնտեսվարողների հետ վարույթի շրջանակներում շփման ծավալը:

Ինչ վերաբերում է Հանձնաժողովի՝ ապացույցներ ձեռք բերելու իրավասությունների և ստուգումների իրականացման մեխանիզմների հարցին, ապա այդ գործիքակազմը գերզանցապես նպատակաուղղված է փոքր տնտեսվարողներին գերիշխող կամ մենաշնորհ դիրք ունեցող տնտեսվարողների հետ մրցակցային պայմաններում ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորություն ապահովելուն: Ընդ որում այդ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը մշտապես բարձրացվել է միջազգային կազմակերպությունների, ԵՄ և ԵԱՏՄ գործընկերների, Համաշխարհային բանկի փորձագետների կողմից, ամրագրվել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի Հայաստանի վերաբերյալ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» խորագրով 2019 թվականի զեկույցում (UNCTAD Ivestment policy review of Armenia, 2019) , Համաշխարհային բանկի խմբի կողմից 2018 թվականին կազմված «Հայաստանի համար մրցակցության բարեփոխումների գնահատում» ԽԾՎ վերտառությամբ հուշագիր-զեկույցում:

Հ.Գ. Հանձնաժողովի նախագահը և անդամներն ԱԺ –ում իրենց ընտրության ժամանակ հնչեցված ծրագրային ելույթներում անդրադարձել են ՏՄՊՊՀ-ի ստուգումների լիազորությունների ավելացման անհրաժեշտությանը: Փաստենք, որ Ազգային ժողովի պատգամավորները, այդ թվում՝ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները ևս տարբեր տարիներին անդրադարձել են այդ խնդրին և առաջարկել են բարեփոխել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Նիկոլը տնտեսվարողներին ստորացնելու եւ խուզարկելու համար խայտառակ օրենք է բերում ԱԺ

Գործելու է dawn raid-ի՝ «անսպասելի խուզարկության» մասին դրույթը

Նիկոլն անցել է բռնապետական օրենքներով իր իշխանությունը պահելու հերթական ստորագույն քայլին։ Երեկ, կառավարության նիստի օրակարգում որպես չզեկուցվող եւ անհետաձգելի հրատապ ճանաչված՝ օրակարգի թիվ 58-րդ հարցով քննարկվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքը, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի անսպասելի մտնել ցանկացած ձեռնարկատիրոջ կազմակերպություն, խուզարկել, առգրավել անհրաժեշտ նյութեր, համակարգիչներ, կրիչներ, գաղտնալսել տնտեսվարողների հեռախոսները։

Ըստ ոլորտի մասնագետների, սա խայտառակ գործիք է դառնալու իշխանության ձեռքին՝ Նիկոլի հրաժարականը պահանջող բոլոր տնտեսվարողներին ճնշելու համար։

Աշխարհում ընդունված ՝ «dawn raid»-ը նիկոլաբռնապետության այս օրերին դառնալու է լուրջ մահակ տնտեսվարողների գլխին։
Ահա այսպիսի ողորմելի տեռորով Արցախը հանձնածն ու այսօր էլ Սյունիքի դիրքերը հանձնողը ուզում է պահել իր գոյություն չունեցող իշխանությունը։

Գնալու ես։ Ի՛նչ էլ անես, ի՛նչ օրենք էլ բերես, ինչքա՛ն մարդ էլ կալանավորես, ի՛նչ զազրելի շոուներ էլ սարքես, ֆեյքերիդ դիվիզիան թարմ գոմաղբով համալրես, միեւնույն է՝ գնալու ես։

Ու ես ամեն օր ավելի շատ չեմ նախանձում քո սպասվելիք ճակատագրին։
Դաժան տեսարան է լինելու։
Ահավոր դաժան։
Հարգելի տնտեսվարողներ, բարձրացրե՛ք բողոքի ձեր ձայնը այս խելահեղության դեմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել