Իրանը առավելագույնը մի քանի ամիս անց ենթարկվելու է խոշորամասշտաբ ագրեսիայի, թերևս, վերջին 30 տարվա ամենածավալուն հարձակմանը. թուրքագետ

Թուրքագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախը դառնում է հենակետ՝ Իրանի վրա թուրք-ադրբեջանական հարձակման համար

Դեկտեմբերի 7-ին, երբ ՀՀ ԱԺ ամբիոնի մոտ բարձրաձայնեցի Իրանի նկատմամբ ագրեսիայի սպառնալիքի և թուրք-ադրբեջանական, ահաբեկչական հարձակման հնարավորության մասին, շատերը, հատկապես բազմաթիվ պետական պաշտոնյաներ կրկին հագան ջայլամի հագուստը՝ խնդրելով չխոսել սպառնալիքների մասին և «չվախեցնել ժողովրդին»։
Նույնը անում էին նաև 2020թ․ հուլիսին, երբ զգուշացնում էի, որ Տավուշի մարզի վրա հարձակումից հետո Ադրբեջանը թիրախ է դարձնելու Արցախը՝ ամիսների ընթացքում։

Արցախի Ջրականի (Ջեբրայիլ) գրավյալ տարածքից արդեն մեծ թվով ահաբեկիչներ փորձել են ներթափանցել Իրան, մի քանի իրանցի սահմանապահ զոհվել է բախումների ժամանակ։ Լարվածությունը Ադրբեջանի և Իրանի միջև գնալով խորանում է։
Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահը Բաքվում անթաքույց հայտարարեց, որ նկրտումներ ունի Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ։ Դրան հետևեց Իրանի կոշտ արձագանքը, բայց արդեն ուշ է։

Ադրբեջանաթուրքական ախորժակը բացվել է։ Նրանք կարողացան հեշտությամբ (մոտ 12,000 ադրբեջանցի, թուրք և ահաբեկիչ զոհ տալով) գրավել Արցախի մեծ մասը։ Հիմա նրանց թիրախում Իրանն է, մանավանդ որ ԱՄՆ-ից և Իսրայելից ստացել են ազդակները։
Շարունակում եմ պնդել, որ Հայաստանը պարտավոր է օր առաջ հավաքել իր ռեսուրսները և ամրացնել սահմանները, հնարավորինս միավորել ռազմական հնարավորությունները Ռուսաստանի հետ։ Իրանը առավելագույնը մի քանի ամիս անց ենթարկվելու է խոշորամասշտաբ ագրեսիայի, թերևս, վերջին 30 տարվա ամենածավալուն հարձակմանը, որին մասնակից կլինեն ինչպես Իսրայելի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի որոշ երկրների, Թուրքիայի, Ադրբեջանի զինված ուժերը, այնպես էլ ահաբեկիչները, որոնք հիմա տեղակայված են Արցախի գրավյալ տարածքներում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել