Ո՞րն է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայցից հրաժարվելու պատճառը

ՀՀ առողջապահության նախարարությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «ՊՐՈՄ-ՏԵՍՏ» ՍՊԸ-ի` վերջինիս 2010թ. հոկտեմբերի 21-ին տրված թիվ Կ-XX-001461 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին։

Ընկերությունը ք.Երևան, Կողբացու փողոց, 28 շենք, թիվ 69 հասցեում բժշկական օգնության և սպասարկման գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար 10.09.2010 թվականին Նախարարություն է ներկայացրել համապատասխան հայտ և 2010 թվականի հոկտեմբերի 21-ին ստացել է բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-001461 լիցենզիան։

Ընկերության կողմից ք.Երևան, Կողբացու փողոց, 28 շենք, թիվ 69 հասցեում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման գործունեության՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի 18.05.2011 թվականի թիվ 951-Ա հրամանի հիման վրա Ընկերությունում իրականացվել է զննում։ Զննման արդյունքում պարզվել է, որ ք.Երևան, Կողբացու փողոց, 28 շենք, թիվ 69 հասցեում Ընկերության կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման գործունեության ընթացքում խախտվել են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձանց համար նախատեսված մի շարք պարտադիր պահանջներ և պայմաններ։

2011թ. մայիսի 17-ի թիվ ՀԳ /11.2/4170-11 ծանուցմամբ Ընկերությունը տեղեկացվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2011թ. մայիսի 18-ին նշանակվել է զննում։

Սույն գործով դատարանը արձանագրել է, որ բժշկական օբյեկտում զննում կատարելու վերաբերյալ արձանագրությունը չի կարող հիմք հանդիսանալ լիցենզիայի գործողության դադարեցման համար։ Դատարանն արձանագրել է նաև, որ հայցվոր կողմի գործողությունները` ուղղված Ընկերությունում զննում կատարելու և զննման արդյունքների հիման վրա նրան տրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դատարան պահանջ ներկայացնելու հետ, օրենքից չեն բխում, հետևաբար հայցը հիմնավորված չէ և ենթակա է մերժման։ Դրա հետ միաժամանակ դատարանը նշում է, որ հայցը հիմնավորված չլինելու հիմնական պատճառաբանությունն այն է, որ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար հայցվոր կողմի վկայակոչած հիմքը օրենքով սահմանված չէ։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում ՀՀ առողջապահության նախարարությունը հրաժարվել է հայցից:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել