Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Հաղթանակի զորահանդեսին» հայտարարեց․ «Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է։ Մեր ժողովուրդը այդ տարածքներում դարերով ապրել է։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը այդ մարդկանց գաղթեցրել է»։
Իրավաբան․net-ը ուզում է հիշեցնել, որ Ալիևների կլանը առաջին անգամ չէ, որ հայտարարում է, թե Երևանը, Զանգեզուրը և Սևանը Ադրբեջանի պատմական տարածքներն են։ Նման անհիմն հայտարարություններից անմասն չի մնացել նաև Ալիև ավագը։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը․
17 Հունիս, 2002․ Նախիջևանում օլիմպիական նորակառույց համալիրի բացում․ Հեյդար Ալիևը ասել է, որ նախիջևանցիները ծանր տնտեսական և սոցիալական կացության մեջ են հայտնվել Հայաստանի կողմից շրջափակման հետևանքով: Ալիևը կարծիք է հայտնել, որ այս վիճակը ստեղծել է խորհրդային ռեժիմը, որն անցած դարի սկզբին «պատմական ադրբեջանական շրջանը՝ Զանգեզուրը, հանձնել է Հայաստանին, ինչի արդյունք է Նախիջեւանի առանձնատարածքային կարգավիճակը։
2010 թվական, Ստամբուլ․ թյուրքական երկրների ղեկավարների սամիթ․ «XX դարասկզբում Զանգեզուրի Ադրբեջանից անջատմամբ և այն Հայաստանին փոխանցմամբ, ըստ էության, ընդհատվել է թյուրքական աշխարհի աշխարհագրական կապը։ Բնականաբար, մեր կապերն օրեցօր ամրապնդվում են, սակայն աշխարհագրորեն մենք միմյանցից տարանջատված ենք»,-հայտարարել է Իլհամ Ալիևը։ 2009-ին թյուրքական երկրների ղեկավարների հանդիպումը Նախիջևանում է անցկացվել, որի ընթացքում նա ևս մեկ անգամ խոսել է Զանգեզուրի մասին։
Նոյեմբեր, 2016 թվական․ Ֆիզուլիի շրջան կատարած իր այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների և Ֆիզուլիի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում մի շարք ելույթներ է ունեցել ու ամեն անգամ շեշտել. «Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն»,-ասել է Ադրբեջանի ներկայիս նախագահը։
8 փետրվարի, 2018 թվական․ «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության նիստ․ «Երևանը մեր պատմական տարածքն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք մեր պատմական հողեր: Սա մեր քաղաքական ու ստրատեգիական նպատակներից է, որին մենք է պետք է հասնենք կամաց-կամաց»,-հայտարարել է Իլհամ Ալիևը։
Հոկտեմբեր 15, 2019․ Բաքվում թյուրքական խորհրդի նիստ․ «Ինչպես գիտեք, Նախիջևանն անջատված է Ադրբեջանից։ Մեր միջև պատմական ադրբեջանական Զանգեզուրն է, որի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»,-ասել է Ադրբեջանի նախագահը։
Ինչպես հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, Ալիևի այսօրվա հայտարարությունը նոր չէ։
«Սա ուղղված էր բոլոր նրանց, ովքեր մտքում կամ բացահայտ մտածում էին, թե Արցախը բեռ է և մեր խնդիրներն Արցախով են սկսում ու վերջանում։
Մենք պետք է պատրաստվենք հաջորդ պատերազմին՝ 1, 2, թե 10 տարի հետո, դեռ դժվար է ասել։
Սակայն մեկ նրբություն կա. մենք կհաջողենք այն դեպքում, երբ հենց այս պահից սկսենք մեր անվտանգության վերակառուցման, ապահովման նոր գործընթացը»։