Երևանի պետական բժշական համալսարանի ուսանող, ապագա բժիշկ Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իմ ձեռքերը արյունոտ են՝ հայի ու թուրքի արյունոտ։ Իմ ձեռքերը զգացել են ցավ ու առել վրեժ։ Ես մտա ռազմի դաշտ որպես բժիշկ-մարտիկ՝ լինելով դեռևս ուսանող։ Ես սպանող էի և ապրեցնող։Բոլորի ուսից կախված էր իրենց զենքը, իսկ իմ մյուս ուսից կախված էր նաև դեղատուփը։ Գիտե՞ք ինչքան է ինձ խանգարել այն,երբ կռվում էի, գիտե՞ք քանի անգամ եմ ցանկացել ազատվել նրանից, որպեսզի կարողանայի տեղաշարժվել։ Այն դարձել էր իմ «Ճիտին պարտքը»։
Ես փորձում էի ամեն կերպ օգնել տղերքին։ Ես կռվում էի նրանց հետ, ու ձեռքս, որ պիտի կյանքեր փրկեր, հակառակն էր անում։
-Վիրավոր կա։ Այս արտահայտությունն էր իմ զանգը։ Այն ինձ ստիպում էր հասնել նրան, ով իմ կարիքն ունի։ Իսկ ես.. ես ստիպված եմ եղել խենթությունների գնալ, վիրավորին փրկելու համար։ Ես ստիպված եմ եղել ձեռքս ձգանին, հակառակորդի միջով, միայնակ վիրավոր տեղափոխել։ Ես այդժամ ինձ փրկիչ եմ համարել։ Ես դարձել էի տղերքի доктор злоն։
Բայց եկավ պահը, որ ես… Ես չկարողացա փրկել տղերքին։ Ես հնարավորություն չունեցա փրկել տղերքին։ Ու գիտե՞ք ինչ էի մտածում։ Մտածում էի, որ տղերքը կռվում են իմ հույսով, տղերքը գիտեն, որ ես իրենց հետ եմ, ես պիտի փրկեմ իրենց, բայց ես տղերքի հույսը կոտրեցի։
Մտածում եմ, որ իրենց հարազատները ինձ պիտի մեղադրեն, որ չկարողացա իրենց առյուծներին կյանք տալ։ Իսկ ես աստված չէի, որ անշնչացած մարմնին կարողանայի կյանք վերադարձնել։ Ես կորցրեցի իմ ընկերներին ՝ իմ մարտական ընկերներին։ Տղերքին, որոնք իմ հույսն էին, որոնց մի մասին թեկուզ ճանաչում էի մի քանի օր, բայց ապագայի պլաններ ունեինք միասին։ Նրանք իմ ընկերները մնացին հավերժ։ Տղե՛րք ես դեռ կփորձեմ ձեզ կենդանացնել՝ կենդանացնել Ազատ Արցախի տեսքով»։