Սա հրադադարի հայտարարություն է՝ իր բոլոր նյուանսներով, իսկ առաջիկայում ծանր բանակցություններ են․ Տաթև Հայրապետյան

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ ես պատմության ֆակուլտետում ընտրում էի ադրբեջանագետի մասնագիտությունը, շատերը կային, որ ասում էին՝ Ադրբեջանն ի՞նչ երկիր է, որ ուսումնասիրում ես, ի՞նչ լեզու է ադրբեջաներենը, որ սովորում ես…

Կյանքիս վերջին 10 տարին առնվազն նվիրել եմ Ադրբեջանի քաղաքական կյանքի ուսումնասիրությանը, փորձել տարբեր տեղերում իմ գիտելիքով օգտակար լինել, որքանով է ստացվել կամ ոչ, դատողն ու գնահատական տվողը ես չեմ: Ես գիտեմ՝ Արցախը իմ ինքնությունն է, իմ անբաժան մասը, որից ես երբեք չեմ հրաժարվի՝ անկախ ամեն ինչից: Ես իմ ամբողջ էությամբ ու գիտելիքով ավելի համառորեն կշարունակեմ ծառայել հայրենիքիս, կշարունակեմ պայքարել իմ ու ընդհանրապես հայ ազգի արժանապատվությունը ետ բերելու համար: Պարտության պատճառները խորն են, շատ են, սկսած մեր` 94 թ.-ի հաղթանակից հետո որդեգրած քաղաքականությունից՝ վերջացրած 44 օրվա պատերազմում ցուցաբերած սխալներով ու ուժերի իրական անհամաչափությամբ:

Մենք ադրբեջանական բանակի դեմ չէինք պատերազմում, սա արձանագրված փաստ է: Ես այն մարդը չեմ, որ սխալների փնտրտուքը սկսեմ ուրիշից, ես դա սկսում եմ ինքս ինձնից… Գիտեմ, որ հայ ժողովուրդը շատ ծանր հարված է կրել, գիտեմ, որ աշխարհաքաղաքական՝ մեզանից դուրս գործընթացներ են ընթացել, ինչպես և պատմության մեջ բազմաթիվ անգամներ, բայց նաև գիտեմ, որ եթե մենք չպնդանանք, չհավաքենք մեզ՝ քանդվածներիս, ավելի բարդ իրավիճակում կարող ենք հայտնվել: Պատերազմը չի ավարտվել, թուրքը չի դնջացել… Ի վերջո, սա հրադադարի հայտարարություն է՝ իր բոլոր նյուանսներով, իսկ առաջիկայում ծանր բանակցություններ են:

Որպես ժողովուրդ Արցախը ետ բերելու հստակ տեսլական պետք է ձևավորենք, որովհետև մեզ արդեն մեկ անգամ հայրենազրկել են, եթե անգամ տասնամյակ տևի, պետք է հասնենք այն իրավիճակի, որ ետ բերենք մեր ինքնության անքակտելի մասը, միասին, ուժեղ, հզորացած…երկար ու բարդ ճանապարհ է սպասում յուրաքանչյուրիս անհատապես ու մեզ միասին՝ որպես ժողովուրդ, բայց հաջողությունը կախված է այսօրվա մեր սխալների գիտակցումից, ընդունումից ու շտկումից… Գլուխ եմ խոնարհում հայրենիքի համար կյանքը զոհած յուրաքանչյուր մեր անմահացած հերոսի, նրա ընտանիքի առաջ, իրենք մեզ կյանք են բաշխել, և այդ կյանքը պարտավոր ենք ծառայեցնել այն հաղթանակի կերտմանը, որի համար իրենք նահատակվել են…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել