Հանրային աշխատանքներից չարամտորեն խուսափելու հետևանքները

Տեսականորեն և պրակտիկորեն հնարավոր են դեպքեր, երբ անձը, ում նկատմամբ որպես պատիժ նշանակվել են հանրային աշխատանքները, «չարամտորեն խուսափի» դրանք կատարելուց: Ուստի օրենսդրությամբ նախատեսվել են նաև այդպիսի իրավիճակների հետևանքները:

Եվ այսպես` հանրային աշխատանքները որպես պատիժ կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը դատապարտյալին նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափող դատապարտյալի վերաբերյալ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ հանրային աշխատանքների չկրած մասը կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու մասին` կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց:

Հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով`
1) մեկ ամսվա ընթացքում կատարել է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտով նախատեսված աշխատանքների իննսուն տոկոսից պակաս հանրային աշխատանքներ` առանց հարգելի պատճառի.
2) հանրային աշխատանքների կատարման ժամանակ մեկ ամսվա ընթացքում երկուսից ավելի անգամ կոպտորեն խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները.
3) ծանուցվելու դեպքում երկու և ավելի անգամ անընդմեջ կամ օրենքով նախատեսված դեպքում չի ներկայացել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել