Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր համաժամանակյա ուժեղացված ստուգայց է անցկացրել Երևանի ողջ տարածքում։ Շուրջ 250 անակնկալ ստուգայցի միջոցով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում միաժամանակ դիտարկվել է՝ որքանո՞վ են ամենատարբեր ոլորտներում գործող տնտեսավարողների կողմից պահպանվում համավարակի տարածումը կանխելու նպատակով հաստատված անվտանգության նորմերը։
Այս մասին տեղեկանում ենք առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Ստուգայցին ԱԱՏՄ գլխամասի ու Երևանի տարածքային կենտրոնի մասնագետներից բացի ներգրավվել են նաեւ մարզային ստորաբաժանումների խմբերը, ընդհանուր՝ շուրջ 5 տասնյակ աշխատող։ «Խոշորացույցի» տակ են առնվել մանրամեծածախ առեւտրի տասնյակ կենտրոններ, դեղատներ, վարսավիրանոցներ, գրասենյակներ։
Ուշագրավ է, որ այսօր ԱԱՏՄ ստուգայցերը կորոնավիրուսի տարածումը կանխելու անվտանգության կանոնների լուրջ, համակցված խախտումներ չեն արձանագրել։ Վերջին շրջանում ևս արձանագրվող թերություններն առավելապես ենթակա են տեղում շտկման, եւ ԱԱՏՄ տեսուչների կողմից դրանք անհապաղ վերացնելու ցուցում է տրվում։
Հիմնականում չեն պահպանվում ախտահանման և ջերմաչափման, դրանց գրանցամատյանների պատշաճ վարման, ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկման ու դրանից առաջ տարածքի ախտահանման, դիմակները պատշաճ չկրելու, փակվող՝ ոտնակով աղբաման ունենալու կանոնները։ Երբեմն նշանակված չեն լինում COVID-19 տարածման հսկողության պատասխանատուներ։
Առավել մտահոգիչ է քաղաքացիների կողմից դիմակ չկրելը կամ ճիշտ չկրելը։
ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքները սկսվել են դեռ արտակարգ դրության շրջանում․ միայն այդ ընթացքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվել է 23.144 մշտադիտարկում։ Դրանց արդյունքում արձանագրվել են անվտանգության կանոնների ոչ լիարժեք պահպանման բազմաթիվ խախտումներ։ Վերջինների հիմքով կայացվել է տնտեսավարող սուբյեկտների գործունեության ժամանակավոր կասեցման 2.866 որոշում:
Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են նաեւ ներկայում՝ կարանտինի շրջանում՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ N 17-ն հրամանով սահմանված նորմերը․ սեպտեմբերի 11-ից արդեն իրականացվել է շուրջ 1800 ստուգայց։
Տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելու դեպքում անհապաղ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, տրվում է հանձնարարագիր՝ ողջամիտ ժամկետում վերացնելու արձանագրված խախտումները։ Կրկնակի կամ լուրջ խախտումների արձանագրումը ենթադրում է տուգանքի նշանակում։
Հատկապես ռազմական դրության շրջանում երկրում ստեղծված վիճակն արտակարգ զգոնություն է պահանջում․ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերն ամեն օր են եւ ամենուր։