Ստեփանակերտի տեսանելի վայրերում քաղաքն արդեն մաքրվել է ռումբերից, այժմ աշխատանքներն ընթանում են՝ ըստ բնակչության կանչերի․ Արցախի ԱԻ պետական ծառայություն

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանն այսօր հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում, հետևել ծառայության սակրավորական խմբի աշխատանքներին, միաժամանակ ստուգել կատարված աշխատանքը:

Սակրավորական ջոկատներն այժմ աշխատում են մի քանի ուղղություններով: Տեսանելի վայրերում քաղաքն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից: Այժմ աշխատանքներն ընթանում են՝ ըստ բնակչության կանչերի:

Կարեն Սարգսյանն այնուհետև եղել է հրթիռակոծված քաղաքացիական ենթակառուցվածքներում: «Ադրբեջանը չի՛ կարող ոչնչացնել հազարամյակներով ստեղծած Արցախի ազգային ինքնությունը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է և պարտավոր է անել ամեն ինչ, օր առաջ մեր բնակավայրերն ավելի բարեկեցիկ ու ապահով դարձնելու համար»-նշել է Կարեն Սարգսյանը:

Պատերազմն ավելի մեծ լսարանին ներկայացնող բրիտանական մեդիաներկայացուցիչներին, ծառայության տնօրենն անձամբ է պատմել ադրբեջանական զինուժի կողմից մեր քաղաքացիական օբյեկտների թիրախավորման, խաղաղ բնակչության շրջանում՝ զոհերի ու վիրավորների, ինչպես նաև Արցախի փրկարարի հագեցած օրակարգի մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 673 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։



Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել