Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի ընկերներից Էդգար Մարտիորսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երկու հիմնասյուն ուներ տունս, մեկը քանդվեց օրեր առաջ
Դու ապրեցի՜ր, Ալեն: Միակ միտքը, որ մի փոքր լույս ա սփռում էս ամենի վրա էն ա, որ ապրել ա Ալենը: Իր քսանմեկ տարում նենց ա ապրել, որ մարդիկ վաթսուն-ութսունում ապրած չեն լինում: Ալենի մայրը մի հզոր միտք արտահայտեց օրեր առաջ՝ ասելով, որ Ալենի ընկերներից ամեն մեկի մեջ մի փոքր մաս կա իրենից: Էս միտքն ինձ հավատացնում ա, որ ինքը դեռ ապրելու ա. ապրելու ա իմ մեջ, մյուսների մեջ՝ էն բոլորի, որ սիրել են իրան ու սիրվել իր կողմից
Խե՜ղճ մարդիկ, որ չգիտեին իրեն կամ չէին հասկանում: Խղճում եմ իրանց: Խղճում եմ, որովհետև իրանք չստացան կամ չկարողացան ստանալ էն սերը, լույսը, որ Ալենից էր բխում: Խղճում եմ, որովհետև էդ սիրուն, էդ լույսին ծարավ են մնացել ու մնալու են, քանզի Ալենի նման մեկն էլ չկա ու չի էլ լինելու: Եզակի էր Ալենը։
Երազներում ապրեց Ալենն ու երազանքներով ապրեց: Ասում էի՝ հե՛տ արի իրականություն, երազներիդ մեջ ես մնացել, պատասխանեց՝ հա՛, երազող եմ ու երազանքներով եմ ապրում, բայց իմ երազանքներն են, որ վաղը կփոխեն աշխարհը: Չեմ կարծում սենց էր ուզում փոխեր, բայց իր ուզածով արդեն էնքա՜ն ա փոխել, էնքա՜ն, որ ոչ մի շնորհակալություն հերիք չի անի։
Ալենն էն տղեն էր, որ չաստում կարդալ սովորացրեց: Ալենն էն տղեն էր, որ քսան տարեկանում սերունդ էր կրթում: Ալենն էն տղեն էր, որ մուլտեր էր սիրում ու մանկական գրականություն: Ալենն էն տղեն էր, որ բոլորին օգնում էր, Մեծ մարդասեր. Բոլորին ու Միշտ: Ալենն էն տղեն էր, որի հետ բոլորն էին ուզում վայրկյան ավել շփվել, մի քիչ ավել ճանաչել, մի քիչ ավել իրենից սովորել: Էնքա՜ն բան կար դեռ սենց թվելու ու Էնքա՜ն սովորելու բան կար դեռ։
Պատերազմը չարիք ա, աղետ: Ոչ մեկս չենք պատկերացնում մինչև մի Ալեն չենք կորցնում: Ու ամենացավոտ պահերից ա, երբ մտածում ես՝ ինչի համար: Ինչի՞ համար ա էս սաղ կամ ո՞ւմ: Ո՞ւմ համար: Ու թեպետ շատերն էլ չեն հասկանում էս «Հաղթելու ենք» պաթոսը, ես հասկանում եմ. դուք հաղթեք, ես արդեն պարտվեցի: Ամեն ինչ կտայի, Ամեն բան կտայի, բայց իրան չէի տա։
Հիմա ֆիզիկապես մեր հետ չի Ալենը, բայց էն սերը, էն հույսը, էն բարությունը, որ իրենից ա մնացել, հավերժ հետներս ա լինելու: Սիրե՜ք իրար, ասում էր: Հիմա, որ գնացել ա, առավել ա պետք սիրել: Էնքան ա պետք սիրել, որ իրա սիրո տեղն էլ հանենք: Պիտի սիրենք ու երազենք: Պիտի երազե՜նք, որ Ալենի երազանքները վաղը փոխեն աշխարհը»: