«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման է ստորագրել, ըստ որի` դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը:
Հարկ է նշել, որ կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում: Միաժամանակ, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող պացիենտների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը` հետագա հսկողությունը կազմակերպելով սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով:
Լիահույս ենք, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան կայացված որոշմանը և կհետաձգեն իրենց հիվանդանոցային պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը:
«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ» հրամանն այստեղ»,-նշված է ԱՆ հայտարարության մեջ:
Այսպիսով, նախատեսվել է
1) դադարեցնել Բժշկական կազմակերպություն պլանային կարգով դիմած պացիենտների ընդունումը,
2) իրականացնել բացառապես վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում,
3) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող պացիենտների առողջական վիճակի գնահատումից հետո` ապահովել վերջիններիս դուրս գրումները, հետագա հսկողությունը կազմակերպելով սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունների միջոցով,
4) հետ կանչել արձակուրդում և գործուղման մեջ գտնվող բժշկական անձնակազմի անդամներին,
5) անհրաժեշտության դեպքում ծավալել լրացուցիչ մահճակալներ,
6) սույն հրամանի ստորագրման պահից 1-օրյա ժամկետում Առողջապահության նախարարությանը ներկայացնել Բժշկական կազմակերպության պատասխանատու աշխատակցի կոնտակտային տվյալները` աշխատանքները օպերատիվ կազմակերպելու նպատակով: