Գլխավոր դատախազությունը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սոցիալական մեդիայում ծավալված՝ քրեական գործով մեղադրյալ, ԱԺ ԲՀԿ խմբացկության ղեկավար, նույնանուն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման շուրջ հանրային դիսկուրսը գործի ելքով շահագրգիռ առանձին անձանց կողմից, ըստ էության, նախապես պատրաստված գրառումների ուղղորդմամբ, մանիպուլյատիվ էֆեկտով սահուն կերպով տեղափոխվեց որոշման անձնավորման, դրա իրավական նշանակությունը զրոյացնելու, իրավական հարությունից դուրս հանելու տիրույթ:

Այս տեսանկյունից հարկ եմ համարում հանրության ուշադրությունը բևեռել մի քանի ակնհայտ իրողությունների ու փաստերի վրա, որոնք փորձ է արվում համառորեն թողնել ստվերում՝ արժեզրկելով ի սկզբանե դատախազության կողմից ներկայացվող փաստարկներն ու հիմնավորումները և քաղաքական պաստառ հաղորդելով դրանց:

Նախ՝ կարծես թե ոչ ոք չի ուզում նկատել, որ նախքան Առաջին ատյանի դատարանի կողմից այս որոշման կայացումը, եղել էր ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով, ըստ էության, գրեթե ամբողջությամբ հիմնավոր էին համարվել դատախազության վերաքննիչ բողոքում արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստարկները՝ ինչպես Գ. Ծառուկյանի կողմից իրեն մեղսագրվող հանցավոր արարքներին հնարավոր առնչության մասին հիմնավոր կասկածի առկայության, այնպես էլ կալանավորման հիմքերի, քննչական ենթակայության հարցի որոշման դատախազության լիազորության, Գ. Ծառուկյանի պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարված լինելու և այլնի վերաբերյալ:

Եվ հենց Վերաքննիչ դատարանի կողմից դրանց վերաբերյալ հիմնավորումների, արված պատճառաբանությունների, իրակավան վերլուծության ամբողջականությունը հաշվի առնելով էր ՀՀ դատախազությունը գտել, որ այդ պայմաններում Վերաքննիչ դատարանն ինքը կարող էր իր իսկ տված իրավական գնահատականների, եզրակացությունների հիման վրա կայացնել հարցը լուծող դատական ակտ, և հենց այդ մասով էր որոշման դեմ ներկայացրել վճռաբեկ բողոք:

Այլ կերպ ասած՝ Առաջին ատյանի դատարանը այս որոշումը կայացրել է՝ ունենալով հիմնական վիճարկվող հարցերի ճնշող մեծամասնության վերաբերյալ վերադաս դատարանի կողմից արված եզրահանգումները, հստակ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք որևէ պարագայում հաշվի չառնել չէր կարող:

Ընդ որում, հարկ է նկատել, որ մինչ այս որոշումը ինչպես Առաջին ատյանի դատարանը միջնորդության կապակցությամբ իր առաջին՝ հունիսի 21-ի որոշմամբ, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ իր հուլիսի 8-ի որոշմամբ, հաստատված են համարել իրեն մեղսագրվող արարքների կատարմանը Գ. Ծառուկյանի հնարավոր առնչության հիմնավոր կասկածի առկայությունը:

Իսկ կալանավորման հիմքերի բավարարության կապակցությամբ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, ուղղակիորեն էր արձանագրել, որ, մասնավորապես, մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հնարավորության հարցը քննարկելիս Առաջին ատյանի դատարանը բամզակողմանի և խորը վերլուծության չէր ենթարկել, օրինակ, գործի կոնկրետ փաստական այն հանգամանքները, որոնք վերաբերում են Գ. Ծառուկյանի տան խուզարկությամբ հայտնաբերված՝ պատգամավորների թեկնածուների ձեռագիր «հայտարարություններ»-ի մասով Գ. Ծառուկյանից նրանց ունեցած ենթադրյալ անվերապահ կախվածությանը:

Ավելին. Վերաքննիչ դատարանն ինքն է գտել, որ «նշված հանգամանքի» քննարկումը էական և վճռորոշ նշանակություն ունի մեղադրյալի կողմից մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հիմքի առկայության կամ բացակայության հարցը քննարկելու համար, քանի որ դա կարող է վկայել ոչ թե հնարավոր և/կամ ենթադրյալ ազդեցության մասին, այլ ուղղակի և/կամ իրական ազդեցության մասին:
Բացի այդ, վերաքննիչ դատարանն արդեն իսկ գտել էր, որ հիմնազուրկ է Գ. Ծառուկյանի նկատմամբ նշանակվող կալանքի հրատապությունը կորսված լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի արած պատճառաբանությունը:

Քանի որ բազմիցս առիթ ունեցել ենք ներկայացնելու նաև կոնկրետ այս գործով քննչական ենթակայության և Գ. Ծառուկյանի անձեռնմխելիության հաղթահարման դատախազության հիմնավորումներին, որոնց հետ, ըստ էության, գրեթե ամբողջությամբ համակարծիք է նաև ՀՀ վերաքննիչ դատարանը, չեմ ուզում դրանց անդրադառնալ:

Ընդամենը հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ վերաքննիչ դատարանը պաշտպանության կողմի բողոքների քննարկման համատեքստում անդրադարձել է Գ. Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու պնդումներին՝ հստակ արձանագրելով, որ այդ կապակցությամբ որևէ նյութ, ապացույց կամ փաստ չի ներկայացվել, իսկ ենթադրյալ հանցագործության մեջ մեղադրվող անձի կողմից արվող հայտարարություններն առ այն, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, չեն նշանակում, որ դրանք համապատասխանում են իրականությանը, քանի դեռ այն չի ապացուցվել և հիմնավորվել: Իսկ Գ. Ծառուկյանի անձով, կարգավիճակով, և զբաղեցրած պաշտոնով պայմանավորված՝ նրա նկատմամբ իրականացվող ցանկացած վարույթ, ըստ Վերաքննիչ դատարանի, կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հետապնդում:

Նման իրողությունների պայմաններում Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված երեկվա որոշումը անձնավորելու, քաղաքականացնելու դիտավորությամբ փաթեթավորելը որևէ տրամաբանություն չի կարող ունենալ, և հորդորում եմ դադարեցնել նման շահարկումները:

Հ.Գ. Հարկ եմ համարում նշել նաև, որ Առաջին ատյանի դատարանի կողմից 21.06.2020թ. կայացված կալանքի միջնորդությունը մերժելու որոշմամբ խախտվել են իրավական պրակտիկայում ձևավորված հանրաճանաչ նորմերը և խեղաթյուրվել են կալանավորման հիմքերի կանխատեսական բնույթի մասին ՄԻԵԴ-ի վճիռներում և ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները: Մասնավորապես, չնայած դատարանն ինքն էր իրական համարել մեղադրյալի, տվյալ դեպքում Գ. Ծառուկյանի կողմից դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու և գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ ոչնչացնելու միջոցով խոչընդոտելու հնարավորությունը, սակայն այդ պայմաններում ակնհայտ անհիմն եզրահանգում էր կատարել այդ հիմքով կալանքի բացառման մասին:

Հաշվի առնելով, որ Առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բեկանելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ՝ ՀՀ դատախազությունը նախաձեռնելու է Առաջին ատյանի դատարանի դատական այդ ակտը ընդունած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել