Կառավարությունը 100 տոկոսով թափանցիկ է եղել և շարունակում է այսպիսին մնալ։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին:
«Ռազմավարության առումով ես ճշգրիտ համոզված եմ, որ 100% ինչ արել ենք, ճիշտ ենք արել։ Մենք ռազմավարության առումով ճիշտ ենք վարվել և ճիշտ ենք վարվում»,- ասել է նա՝ նշելով, որ թերություններ եղել են, ինչպես ամեն տեղ են լինում։
Վարչապետը նաև հայտարարել է, որ երկրներ կան և եղել են, որոնց կորոնավիրուսի դեպքերի օրական տվյալներն ուղիղ կապվածության մեջ են ՀՀ օրական տվյալների հետ․ «Որ գրաֆիկներով նայում ենք, իրար զուգահեռ շարժվում են: Մենք առավոտյան ենք հրապարակում, իրենք՝ երեկոյան: Այդպիսի բան չի կարող լինել, որ գրաֆիկները ոնց դնում ենք, նույն կերպ սինխրոն շարժվում են առաջ»:
Ենթադրվում է, որ Փաշինյանը նկատի է ունեցել Ադրբեջանին, որտեղ կորոնավիրուսի հայտարարված դեպքերը 38,517-ն են։ Երկու երկրի օրական տվյալները համեմատելիս կարելի է նկատել, որ օրական դեպքերը 300-ից նվազել են հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին։