Օգոստոսի 27-ին Կառավարությունը հաստատել է ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու կարգը` համաձայն հավելվածի:
Սեպտեմբերի 7-ին որոշումը ուժի մեջ մտավ։
Կ Ա Ր Գ
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձանց (ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների արտադրողներ կամ ներմուծողներ կամ մեծածախ իրացնողներ) կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու կարգը:
2. Ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձինք պարտավոր են բնակչությանը տեղեկատվություն տրամադրել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բաղադրության, օգտագործման ընթացքում արտանետվող նյութերի և բաղադրիչների նկատմամբ իրականացված տոքսիկոլոգիական հետազոտությունների մասին:
3. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (յուրաքանչյուր ապրանքատեսակի համար` ըստ ապրանքանիշի և տեսակի) մասին բնակչության իրազեկման տեղեկատվությունը ներառում է՝
1) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բաղադրության մասին տեղեկատվություն.
2) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման ընթացքում արտանետվող նյութերի լաբորատոր հետազոտությունների մասին տեղեկատվություն.
3) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բաղադրիչների նկատմամբ իրականացված տոքսիկոլոգիական հետազոտությունների մասին տեղեկատվություն:
4. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բաղադրության մասին տեղեկատվությունը (այնքանով, որքանով վերաբերելի և կիրառելի է) ներառում է ծխախոտը, բաղադրիչները` ներառյալ այդ բաղադրիչները պատրաստելու համար օգտագործվող նյութերը, հավելանյութերը, վերամշակման ընթացքում առաջացած հավելանյութերը, ծխախոտում հայտնաբերված մնացորդային նյութերը (պահեստավորումից և վերամշակումից հետո) և այն նյութերը, որոնք ներթափանցում են արտադրատեսակի մեջ փաթեթավորման նյութից:
5. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների լաբորատոր հետազոտությունների մասին տեղեկատվությունը ներառում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների նպատակային օգտագործման ընթացքում արտանետվող նյութերը:
6. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բաղադրիչների նկատմամբ իրականացված տոքսիկոլոգիական հետազոտությունների մասին տեղեկատվությունը ներառում է նշված հետազոտության իրականացման մասին նշում:
7. Տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա փետրվարի մեկը, իսկ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների մեկանգամյա ներմուծման դեպքում` ներմուծման օրվանից մեկ ամսվա ընթացքում:
8. Սույն կարգի 4-6-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը պետք է լինի հավաստի, և տրամադրվող տվյալները պետք է բխեն փորձարկման լաբորատորիաների կողմից ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների լաբորատոր հետազոտությունների արդյունքներից:
9. Բնակչության իրազեկումն իրականացվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների բաղադրության, օգտագործման ընթացքում արտանետվող նյութերի վնասակար ազդեցության մասին տեղեկատվությունն առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակելու միջոցով:
10. Սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձինք տեղադրում են նաև իրենց պաշտոնական կայքում «առկայության դեպքում»: