Ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ․ ոստիկանության բաժիններում կամավոր զենքեր են հանձնվել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 60 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ եղբորը։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Էրեբունու քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Նոր Արեշի բնակիչներից մեկը բաժին է բերել առանց գործարանային համարի «ՏՕԶ» հրացան, տարբեր տեսակի նռնակներ, տարբեր տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ ու հակատանկային պայթուցիչի ականներ՝ հայտնելով դրանք ձեռք է բերել տարիներ առաջ։

Առանց գործարանային համարի «ՏՕԶ» հրացանն ու տարբեր տրամաչափի 300-ից ավելի փամփուշտը Մալաթիայի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժնում հանձնել է Երևանում բնակվող մի տղամարդ։
Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գավառի բնակիչներից մեկը Գեղարքունիքի մարզային վարչություն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի ատրճանակ, պայթուցիչներով տարբեր տեսակի նռնակներ ու տարբեր տրամաչափի ու հրազենների 60-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ պապին։

Վարդենիկ գյուղի բնակիչներից մեկը, Մարտունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու 5,45 մմ տրամաչափի 53 փամփուշտ, որոնք գտել է ձեղնահարկում։
Ոստիկանության Մասիսի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ քաղաքի գերեզմանատան մոտ զենք է թողել։ Հիշյալ տարածքում հայտնաբերվել է «Կարաբին» տեսակի հրացան ու պայթուցիչով նռնակ։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել