Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները.
- լոր – 2020 թվականի օգոստոսի 27-ից մինչև հոկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 125500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
- թխակապույտ աղավնի – 2020 թվականի օգոստոսի 27-ից մինչև հոկտեմբերի 3-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 55500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավելի որս/օրվա ընթացքում),
- քարակաքավ – 2020 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 22500 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
- կռնչան և մոխրագույն բադեր – 2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021 թվականի հունվարի 31-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 40000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
- եղեգնահավ – 2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 15000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
- սև փարփար – 2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 30000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
- մորակտցար – 2020 թվականի սեպտեմբերի 15-ից 2021 թվականի փետրվարի 15-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 8000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում),
- տափաստանային արտույտ – 2020 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 200000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավելի՝ որս/օրվա ընթացքում):
2020-2021 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի 1-ին կետով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել
- մոխրագույն ագռավի,
- սովորական կաչաղակի,
- սովորական աղվեսի
- շնագայլի անսահմանափակ որս:
Որս իրականացնել թույլատրվում է միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին։
Հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրը որսորդական միություններին կտրամադրվեն նախապես հայտագրված քանակի լիցենզիաներ, որոնք կազմակերպությունների ներսում կբաշխվեն որսորդական միության անդամների միջև։
Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող մեր հայրենակիցներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։
Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։