Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում է կատարվել, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 13-ին։
Լրացում է կատարվել 74-րդ հոդվածում, որով սահմանվում են վարչական բողոք բերելու իրավական հետևանքները, ավելացել է «դ» կետը։
Այսպիսով․
Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ`
ա) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
բ) այն դեպքերի, երբ անհապաղ կատարումն անհրաժեշտ է հանրային շահերից ելնելով.
գ) այն դեպքերի, երբ բողոքարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ:
դ) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից բողոքարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները):
Սույն մասով նախատեսված դեպքերում վարչական ակտի անհապաղ կատարման պահանջը (շահը) պետք է հիմնավորվի գրավոր: Հիմնավորում չի պահանջվում, եթե վարչական ակտի կատարումը կասեցնելու հետևանքով կարող է անմիջականորեն վտանգվել անձանց կյանքը, առողջությունը կամ սեփականությունը, և այդ վտանգը կանխելու համար վարչական մարմինը հարկադրված կլինի ձեռնարկել արտակարգ միջոցներ, ինչպես նաև, երբ վտանգն արդեն իսկ առաջացել է:
Սույն մասի «բ» կետով նախատեսված դեպքում, վարչական մարմնի նախաձեռնությամբ կամ պատասխանողի դիմումի հիման վրա, վարչական ակտի կատարումը կարող է չկասեցվել:
Վարչական մարմինը կարող է վարչական ակտի գործողությունը չկասեցնելու վերաբերյալ պատճառաբանված որոշում ընդունել, եթե բողոքը բերվել է միայն վարչական ակտի կատարումը կասեցնելու նպատակով: