Միայնակ կենսաթոշակառուների սպառած կոմունալ վարձավճարները կփոխհատուցվեն

Կառավարությունը հուլիսի 30-ին որոշում է ընդունել, որով կկարգավորվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով փոխհատուցում տրամադրելու գործընթացը` նրանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց:

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման չափը սահմանում է ՀՀ կառավարությունը՝ պայմանավորված ծառայությունների սակագների փոփոխության հետ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ: Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդում ներառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, ամրացված բազմաբնակարան շենքերը և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրած և Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ,  գործող բազմաբնակարան շենքերը։

Սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, և երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված: Տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում դժվարանում են վճարել կոմունալ ծառայությունների վարձավճարները՝ կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ և ապրելու, և կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար, և պարբերաբար խնդիրներ են առաջացնում սոցիալական տների ղեկավարների համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել