ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սևանում երեկ տեղի ունեցած միջոցառմանը, որի ընթացքում ինքը լուսանկարվել էր առանց դիմակի։
Հայկ Սարգսյանի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․
«Արդեն երկար ժամանակ է որոշ քաղաքական ուժեր և նրանց պատվերը կատարող լրատվամիջոցներ ջանում են կադր որսալ, որտեղ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կլինի առանց դիմակի։
Ամիսներ շարունակ հետևելուց հետո, երեկ ինձ Սևանի լողափերից մեկում նկարել են առանց դիմակի և դա էլ ավելի վատ ֆոնի վրա ներկայացնելու համար նշել են, թե իբրև այդ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ խախտելով հակահամաճարակային կանոնները։
Ինչ վերաբերվում է այն լուրերին, թե իբրև լողափի հանգստյան գոտին ինձ է պատկանում, կամ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ իրականությանը չեն համաապատասխանում։ Ոստիկանության ներկայացուցիչներն այսօր արձանագրություն կազմեցին և ես, ինչպես նաև երեկոյին մասնակցած մեր այլ քաղաքացիներ դիմակ չկրելու համար տուգանվեցինք։
Ներողություն եմ խնդրում նաև Պարետատնից և մեր քաղաքական թիմից՝ անզգուշությամբ այսպիսի մեծ և անհարկի աղմուկի առիթ տալու համար»։