Զինծառայողների սոցաջակցության ստորաբաժանումներում տարընթերցումներն ու մեկնաբանությունները կբացառվեն․ նախագիծ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որով հստակեցվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող ավագ ենթասպայական կազմում ընդգրկված, սակայն շարքային և կրտսեր ենթասպայական կոչումային դասակարգումով պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների կարգավիճակը, ինչպես նաև իրավունքի լիարժեք իրացման գործընթացի ապահովումը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների դրամական ապահովությանն ուղղված միջոցները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքի հիման վրա ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չեն մտնում, մինչդեռ ավագ ենթասպայական կազմում ընդգրկված, սակայն շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմի կոչումային դասակարգումով պաշտոն զբաղեցնող զինծառայողի նկատմամբ այդ իրավունքը չի գործում, ինչն արդարացված չէ:

Զինծառայողների դրամական բավարարումը ըստ կազմերի, հաշվառումը, (դասակարգումը) գործառույթների սահմանումը և դրանց առանձնահատկությունները պայմանավորված են զինծառայողի զբաղեցրած պաշտոնով: Որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է առկա թերությունը վերացնելու, առաջացած իրավական անորոշությունը բացառելու հանգամանքով:

Որոշման ներկայիս տարբերակի իրավական անորոշության լուծումը հնարավորություն կտա ավագ ենթասպայական կազմում ընդգրկված, սակայն շարքային և կրտսեր  ենթասպայական կազմի կոչումային դասակարգումով պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողներին իրացնելու իրենց իրավունքը: 2020թ. հունիսի 1-դրությամբ ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող և շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական պաշտոն են զբաղեցնում 89 զինծառայող:

Այսպիսով, նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է նաև որոշման մեջ հայտնաբերված թերության վերացում, սոցիալական աջակցության ստորաբաժանումներում տարընթերցման և մեկնաբանության խնդրի բացառում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել