Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթանում է Արծրուն Հովհաննիսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ճեպազրույցը:
Հովհաննիսյանը անդրադարձավ ՀՀ տարածքներում ադրբեջանցի զինվորների դիերի տեղափոխմանը, ինչպես նաև Ադրբեջանի այն հայտարարությանը, թե դա հայկական տարածքներ չեն և դիերը նրանց տարածքում են․
«Սա միակ տարածքը չէր, որտեղ մնացել են Ադրբեջանի զինվորների դիեր։ Եթե այդ դիերը իրենց տարածքում էին, ապա ինչո՞ւ էին այդտեղ մնացել այդքան ժամանակ և ինչին էր նրանց պետք մեր թույլտվություն դիերը տեղափոխելու համար»,-նշեց նա։
Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ նաև Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլի հայտարարությանը։
Նա ևս մեկ անգամ նշեց, որ Հայաստանը հուլիսի 12-ին սկիզբ առած սահմանային լարվածության օրերին երբեք չի հայտարարել քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին, առավել ևս չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ․ «Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքական գործիչները, դիվանագիտական կորպուսը և պաշտոնյանը այս հարցը բարձրացնում են համապատասխան մարմիններում, որովհետև սա կարևոր եզրակացությունների տեղիք պիտի տա։ Սա հանցագործություն է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է ադրբեջանական կողմը տարհանում զոհերին։