Կառավարությունն այսօր՝ հուլիսի 16-ի նիստին հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինգածերով նախատեսվող փոփոխությամբ ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը:
Հարցը գործադիրի անդամներին է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Հայտարարագրման ենթակա տեղեկատվության, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց վերանայված շրջանակն ապահովելու է հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք է: Մասնավորապես, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան գլխում նախատեսվում է իրականացնել մի շարք փոփոխություններ:
Նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործընթացով պայմանավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ծանրաբեռնվածությունը՝ առավել նպատակահարմար է այս փուլում համայնքի ավագանու անդամների համար հայտարարագրման պարտականություն սահմանելիս որպես չափորոշիչ սահմանել 15 000 և ավելի բնակչություն ունենալու հանգամանքը: Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ, ինչը հնարավորություն կտա հայտարարագրման վերաբերյալ վերոնշված խնդիրները լուծել: Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Տեղեկատվություն է ներկայացվում նաև անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաև սահմանվել է բանկային ավանդի և բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ: Առաջարկվում է նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը, ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները և ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Դրա շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ և կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը:
Առաջարկվում է տարանջատել հայտարարագրման ենթակա եկամուտների որոշ տեսակներ, մասնավորապես՝ ստացված վարկերը և փոխառությունները: Սա պայմանավորված է նշված երկու եկամուտների տեսակների բովանդակային տարբերությամբ:
Միաժամանակ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որի համաձայն հաջորդող 2 տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա անձից գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր պահանջելու:
Նախագծով առաջարկվում է նաև սահմանել նորմ, առ այն, որ հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով հայտարարագիրը հանձնելուց հետո չորսօրյա ժամկետում հայտարարագրում ուղղում կատարելու հնարավորություն կունենան: Նախագծով թեկնածուներին հնարավորություն է ընձեռվել ներգրավվելու բարեվարքության ստուգման գործընթացին:
Հանձնաժողովին վերապահվել է թեկնածուից պարզաբանումներ պահանջելու և ստանալու իրավազորություն, ինչպես նաև սահմանվել է, թե ինչ է ներառում քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը՝ պրակտիկ խնդիրներից խուսափելու նպատակով:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ այս բարեփոխումների արդյունքում ունենալու ենք աշխարհում ամենաառաջադեմ հայտարարագրման համակարգ, որը կոռուպցիայի կանխարգելման և նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից մեծ կարևորություն է ունենալու:
Թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ մենք հիմա ուզում ենք հայտարարագրման այնպիսի համակարգ ներդնել, որը, ինչպես դուք նկատեցիք, ամենաառաջադեմն է: Այսինքն՝ ամենաբարձր նշաձողն է սահմանում պետական պաշտոնյաների հայտարարագրման և թափանցիկության համար: Ինչու չկա տարօրինակ բան, որովհետև կառավարության ծրագրային կարևորագույն դրույթներից մեկը կոռուպցիայից զերծ երկիր ունենալն է: Վերջերս ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ կոռուպցիան դիտվում է որպես ազգային անվտանգության ամենամեծ մարտահրավերներից մեկը: Կոռուպցիայից զերծ հանրության և պետության, երկրի տեսլականն արձանագրված է նաև Ազգային անվտանգության ռազմավարության իմ ուղեձում: Եվ մենք, այո՛, այդպիսի բարձր նշաձողեր պետք է դնենք: Սա կարևորագույն ուղղություն է և կարևորագույն բարեփոխում»:
Վարչապետը նշել է, որ մինչև հիմա պետական պաշտոնյաները հայտարարագրում էին իրենց եկամուտները, ինչը լավ է, բայց՝ ոչ ամբողջական: «Առաջարկի կարևոր նորամուծությունների մեկն այն է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց ծախսերը նույնպես հայտարարագրեն: Ընդ որում, ոչ բոլոր ծախսերը, բնականաբար, ամեն հարյուր կամ հազար դրամը չի հայտարարագրվելու, դրա համար ծեմեր են դրված»,-ասել է կառավարության ղեկավարը: