«Լուսավոր Հայաստան»-ը դիմել է արտասահմանցի գործընկեր մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից այսօր հետևյալ հաղորդագրությամբ դիմել եմ մեր արտասահմանցի գործընկեր մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց․

«2020 թվականի հուլիսի 12-ին՝ կեսօրին մոտ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերն սկսել են հրետանային կրակոցներ արձակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները շարունակվում են մինչ այժմ (2 օր):

Առաջնագիծը խախտելու և հայկական դիրքեր ներթափանցելու մի քանի փորձ է եղել ծանր հրետանու, ինչպես նաև տանկերի օգտագործմամբ: Հայկական զորքերի արձագանքից հետո ադրբեջանական ռազմական ուժերը սկսել են օգտագործել նույն տարածաշրջանում քաղաքացիական թիրախներ: Թիրախավորվել են մի քանի գյուղեր (ներառյալ՝ Մովսես, Չինարի և այլն), ինչպես նաև հրետանու կողմից վնասվել են մի քանի տներ:

Այս գործողություններով Ադրբեջանի Հանրապետությունը խախտել է ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասը: ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասը կարգավորում է անդամ պետությունների կողմից ուժի գործադրումը. «Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են մնում ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»։ Սա միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերից է (jus cogens), միջազգային իրավունքի պարտադիր կանոն, որպիսիք ընդունվում և ճանաչվում են պետությունների կողմից որպես ամբողջություն, որից ոչ մի շեղում չի թույլատրվում:

Ավելին, քաղաքացիական բնակչության դեմ ուժի գործադրումը և քաղաքացիական շինությունները թիրախավորելն արգելված են միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներով, և համարվում են վերջինի կոպիտ խախտումներ, պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ ինչպես կոնվենցիոնալ, այնպես էլ սովորութային իրավունքի ուժով:

Մենք խստորեն դատապարտում ենք հրետակոծությունը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ՝ վտանգելով բնակչությանը, նրանց առողջությունը և կյանքը, ինչպես նաև սեփականությունը: Դա առավել դատապարտելի է գլոբալ համաճարակի ժամանակ (COVID -19):

Հուսով եմ, որ դուք կօգտագործեք ձեր քաղաքական ազդեցությունը ներքին և միջազգային մակարդակում` նման գործողությունները դատապարտելու և արգելելու Ադրբեջանի Հանրապետության կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները:

Դրանով իսկ միջազգային հանրությունը՝ մենք բոլորս, կստիպենք ադրբեջանական կողմին վերադառնալ բանակցությունների սեղան և բոլոր վեճերին տալ խաղաղ լուծում, ինչը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է՝ սահմանված է ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 3-րդ մասով. «Բոլոր անդամներն իրենց միջազգային վեճերը կարգավորում են խաղաղ միջոցներով, այնպես, որ վտանգի չենթարկվեն միջազգային խաղաղությունը, անվտանգությունն ու արդարությունը:»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միակ պլատֆորմն են, որին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից տրվել է միջնորդության մանդատ՝ սույն խնդրի լուծման համար:

Վերոնշյալի լույսի ներքո՝ մենք ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ դատապարտելու Ադրբեջանի Հանրապետությանը՝ միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների և մարդու իրավունքների խախտման համար և դրանով իսկ հնարավորություն տալ լուծելու առկա վեճը միայն խաղաղ կարգավորմամբ:
Ցանկանում եմ կանխավ հայտնել մեր երախտագիտությունը»։

Վերոնշյալ հաղորդագրությունն ուղարկվել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլիին, ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուին և Ժելյանա Զովկոյին, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդին, «Renew Europe» խմբի նախագահ Դաչիան Քիոլոսին, «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների» դաշինքի նախագահ Հանս վան Բաալենին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Միլտիադիս Վարվիցիոտիսին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջորջ Ծերեթելիին, նույն վեհաժողովի փոխնախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ-ում «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների» դաշինքի ղեկավարներին, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության նախագահությանը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Աթիլա Մեշտերհազիին և ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռուքսանդրա Պոպային։

Լիահույս ենք, որ այս հաղորդագրությունը կծառայի իր նպատակին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել