Պատմության մեջ չկա այս հոդվածով՝ ընտրակաշառքով, մարդ կալանավորել․ Գագիկ Ծառուկյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ դատարանը դեռ չի որոշել, գնացել է որոշելու, մինչև կիրակի օրը․ «Այս հոդվածով մինչ այսօր չի եղել, ինչ որ կալանավորելու կամ ձերբակալելու միջնորդություն ներկայացնեն Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, Երկրորդ ընդդիմադիր քաղաքական ուժին։ Ուզում եմ միայն մի հայտարարություն անել, եթե երկրի այս վիճակը՝ համաճարակի տարածումը, այս աղքատությունը, տնտեսական անկումը, ե՞ս եմ մեղավոր, պատճառը ե՞ս եմ. ես պատրաստ եմ ինքնակամ գնալ այդ պատիժը կրելու, բայց էլի եմ ասում՝ ինձ համար շատ զարմանալի է այս ամենը։ Պատմության մեջ չկա այս հոդվածով՝ ընտրակաշառքով, մարդ կալանավորել»,- նշեց պատգամավորը։

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանն ասաց, որ ներկայացված միջնորդությունն անօրինական ու անհիմն է. «Մեր կողմից բոլոր առարկությունները ներկայացվել է։ Կարծում եմ, որ դատարանը կլինի իր բարձրության վրա և ներկայացված միջնորդությունն անպայման կմերժվի»։

Որոշումը կհրապարակվի այս կիրակի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Այնուհետև ԱԱԾ-ից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող «Օնիրա Քլաբ» ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս, իսկ երկրորդ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել