Տիգրան Ուրիխանյանը հերքում է․ պարզաբանում՝ Գագիկ Ծառուկյանին ուղղված գրության վերաբերյալ

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր` հունիսի 15-ին տեսանյութ հրապարկեց այն մասին, որ ԱԱԾ-ն բացահայտել է 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքեր։ 

Տեսանյութում՝ կադրերից մեկում, երևում են ձեռագրով գրված թղթեր, որոնցից մեկի վրա նշված է Տիգրան Ուրիխանյանի անունը։ Դրանում գրված է․

«Ես Տիգրան Ուրիխանյանս, առաջադրվում եմ Երևանի N2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով։ Հանձն եմ առել ապահովել ․․․ հազար քվե։ Լիարժեք գիտակցում եմ, որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար՝ պարոն Գագիկ Ծառուկյանի որոշումից։ Ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում, հրաժարվում եմ որևէ հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու վերաբերյալ։

Պատրաստվում եմ աշխատել թիմի, կուսակցության և Հայրենիքի առաջընթացի համար անմնացորդ ձևով։

Տ․ Ուրիխանյան»։

Իրավաբան.net-ը կապ հաստատեց Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ՝ պարզաբանում ստանալու համար։ Մեզ հետ զրույցում նա նշեց․

«Որևէ ֆինասական թեմաների, կամ առավել ևս կաշառքների հետ առնչություն ունեցող նամակներ երբեք չեմ գրել, չեմ գրում ու չեն գրելու։ Իսկ առհասարակ, բազմաթիվ այլ նամակներ իհարկե գրել եմ»,-նշեց Ուրիխանյանը։ 

Մենք մեջ բերեցինք նամակից մի փոքր հատված, որով պատգամավորը հանձն է առնում ապահովել որոշակի քանակությամբ քվե՝ առաջիկայում սպասվող ընտրություններին։ Այդ կապակցությամբ Ուրիխանյանը պատասխանեց․ «Դա ի՞նչ կապ ունի ֆինասական հարցերի հետ։ Չի կարող այդպես լինել, որևէ առնչություն լինել։ Որևէ ֆինասական հարցերի հետ կապված ոչ առնչություն եմ ունեցել, ոչ էլ նամակներ եմ գրել, այլ նամակներ բազմաթիվ գրել եմ, բնականաբար»,-նշեց նա։

Հավելենք, որ Տիգրան Ուրիխանյանը 2020 թվականի փետրվարի 11-ին հայտարարեց, որ դուրս է գալիս ԲՀԿ-ից և գործելու է որպես անկախ պատգամավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել