Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»:
Կառավարության այս կազմով հնարավոր չէր, նախապես ժողովրդին տրված խոստումներն իրականացնել, հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, ոլորտի ղեկավարներ, որոնք իրական կյանքում քարը քարին չեն դրել և հասկանալի էր, որ այդ փոփոխություններն իրականություն չէին դառնա: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին հայտարարեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանը հիշեցրեց՝ միշտ է ասել, որ կառավարության այս կազմով անհնար է ժողովրդի սպասելիքներն իրականացնել: «Եթե ցանկանում էին իրականացնել, պետք է կառավարության կազմի 97 տոկոսին փոխեին, բայց այսօր, տեսնելով ձախողումները, պետք է ասեմ՝ ոչ թե 97, այլ հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև իրենց աշխատանքով, արդյուքով բոլոր ոլորտները ձախողված են»,- նշեց նա: