Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կալանքը վերացնելու նոր միջնորդություն է ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Այս մասին տեղեկացնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից։

Նոր միջնորդության համար հիմք է եղել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը, և Ռ․ Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում:

Պաշտպանը նաև դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար:

Նշենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, ով մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, ապրիլի 17-ին դուրս է եկել աշխատանքի և կրկին՝ ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը արձակուրդ է ձևակերպել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել