Արայիկ Հարությունյանի ուղերձը հուշարձանների պահպանության ոլորտի աշխատակիցներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի ուղերձը հուշարձանների պահպանության ոլորտի աշխատակիցներին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ։

«Հուշարձանների պահպանության ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ,

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Շնորհավորում եմ ձեզ և ոլորտի բոլոր երախտավորներին մասնագիտական տոնի առթիվ:

Մեր պետության և ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ նվիրված աշխատանքի, հայկական հուշարձանների ուսումնասիրման, պահպանության և վերականգնման գործում ձեր դերակատարության և ցուցաբերվող պրոֆեսիոնալիզմի համար:

Դուք զինվորներ եք, որոնց վստահված է հայկական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և ժառանգականության անխաթարության ապահովման կարևորագույն գործառույթը, և դուք արժանապատվորեն եք իրականացնում ձեր ծառայությունը:

Պատմության տարբեր փուլերում պատերազմներն ու արհավիրքները ուղեկցվում են մշակութային ժառանգության, հատկապես՝ հուշարձանների հանդեպ ոտնձգություններով և ոչնչացմամբ: Այս պայմաններում ևս դուք մշտապես կարողացել եք բարձր պահել մեր հազարամյա մշակույթի պահապանի կոչումը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ոչ միայն լավ առիթ է կատարված աշխատանքը գնահատելու, այլ նաև այդ աշխատանքի շարունակականության և արդյունավետության բարձրացման ակնկալիքները շեշտելու համար:

Մեծապես կարևորելով հայկական հուշարձանների պահպանությունը որպես մշակութային քաղաքականության կարևորգույն ուղղություն՝ լիահույս եմ, որ այդ ասպարեզում իրականացվող բարեփոխումները մեծապես կնպաստեն հուշարձանների պահպանության ոլորտի հետագա զարգացմանը:

Այս տարի ԻԿՕՄՕՍ-ը, որպես օրվա խորհուրդ, առաջադրել է «Ընդհանուր մշակույթներ, ընդհանուր ժառանգություն, ընդհանուր պատասխանատվություն» խորագիրը: Այո՛, հուշարձանների պահպանությունը բոլորիս պատասխանատվությունն է, և ամեն հայ պիտի հուշարձանների պահապան լինի:
Եվ ուրեմն, հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի շահ մեր պետության և հայկական մշակութային ժառանգության պահպանությունն ապահովելու վեհ գործի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել