ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից դեռևս 2017թ. մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել է ՀՀ N զորամասում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Արդյունքում բացահայտվել է զորամասի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով զորամասին հատկացված խոշոր չափերով վառելիքի յուրացման դեպք:
Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետ Ա.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զորամասի ավտոծառայության պետ Ա.Գ-ի, ինչպես նաև ավտոծառայության վարորդներ՝ Ռ.Ե.-ի, Հ.Մ-ի և Ն.Ե.-ի օժանդակությամբ 2015 թվականի փետրվարից մինչև 2017 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ուղեգրերում և վառելիքի բաշխման ամփոփագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով յուրացրել է զորամասին հատկացված ու իրեն վստահված խոշոր չափերով՝ մոտ 7000լ դիզելային վառելիք և բենզին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև դրանց կատարմանն օժանդակելու համար:
Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ և ամբողջությամբ հատուցել պետությանը պատճառված խոշոր չափերով վնասը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2019թ. դեկտեմբերի 13-ին ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որի 2020թ. ապրիլի 1-ի դատավճռով հաստատվել է ամբաստանյալների մեղավորությունը և վերջիններս դատապարտվել են ազատազրկման և տուգանքի:
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետությանm անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ ամբաստանյալներն ազատվել են նշանակված պատիժներից: