Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի մեկնաբանությունը՝ իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության կողմից իրեն առաջադրած մեղադրանքին:

Հայտարարությունում նշվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ եւ համաքաղաքացիներ,

սույն թվականի մարտի 2-ին ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում տեղ է գտել հաղորդագրություն այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով։

Այս պահին չեմ անդրադառնում մեղադրանքի առաջադրման ընթացակարգային ու բովանդակային խնդիրներին, որոնք, «մեղմ ասած», խիստ վիճահարույց են իրավունքի, տրամաբանության ու բանականության տեսանկյունից, եւ միայն հարկ եմ համարում տեղեկացնել իմ սիրելի աբովյանցիներին, որ որպես Աբովյան համայնքի ղեկավար ես երբեւէ որեւէ հանցանք չեմ գործել, երբեք համայնքի շահերին հակառակ չեմ գործել, իսկ առաջադրված մեղադրանքում էլ ինձ մեղավոր չեմ ճանաչել։ Ցանկանում եմ նշել նաեւ, որ որպես «դարի հանցագործություն» ներկայացված դեպքն իրականում վերաբերում է Աբովյան համայնքում անկախությունից հետո առաջին անգամ կատարվող բազմաբնակարանային բնակելի շենքերի շինարարության հետ կապված աննշան մի դրվագի։ Ընդ որում, այդ շինարարությունը կատարվում է բացառապես մասնավոր ներդրումների հաշվին, իսկ դրա ավարտին նախատեսվում է լուծել Աբովյանի շուրջ 1000 ընտանիքի բնակարանային խնդիրները։

Ես դեռեւս հակված եմ կարծելու, որ տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է եւ գործի քննությունը դատախազական նույն պատշաճ հսկողության ներքո մինչ դատական վարույթում կհանգի իր տրամաբանական ու վերջնական ավարտին։ Սակայն, եթե պարզվի, որ տեղի ունեցածը որեւէ մեկի դիտավորության կամ դառը կյանքի հետեւանքով ստացած ապտակների արդյունքում առաջացած «նեղվածության» փարատման միջոց է, ապա խոստանում եմ մինչեւ վերջ հետամուտ լինել, որպեսզի այդ անձը կամ անձինք պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակ դա կարող է ինձանից պահանջել։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց՝ ընկերներիս, բարեկամներիս, ընտրողներիս, աբովյանցիներիս, ովքեր հավատում են իմ անմեղությանը եւ շարունակում են վստահել ու աջակցել ինձ։ Վստահեցնում եմ ձեզ, որ ես պատրաստակամ եմ մինչեւ վերջ պայքարելու մեր համատեղ նպատակների համար ու արդարացնելու այն վստահությունը, որն ինձ տվել են իմ համաքաղաքացիները»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգարվվել Քրեական օրենսգրքի 315.2 հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար և նրան առաջադրվել է համապատասխան մեղադրանք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել