«Դալմա Գարդեն մոլ»-ը կշարունակի փակ մնալ՝ մինչև ստացվի պետական մարմիններից գրավոր եզրակացությունը

«Դալմա Գարդեն մոլ»-ը հայտարարություն է տարածել, հունվարի 9-ին շենքում նկատված ցնցումների մասին, որում ասվում է․

«Հունվարի 9-ին Դալմա Գարդեն մոլի շենքի մի հատվածում նկատվեց վիբրացիա, որի արդյունքում ղեկավարությունը տարհանեց մոլում ներկա հաճախորդներին և աշխատակիցներին՝ ելնելով անվտանգության կանոններից, որից հետո մոլում սկսվեցին հետազոտական աշխատանքներ խնդիրը հասկանալու համար։

ԱԻՆ-ի կողմից հերքվեց այն հանգամանքը, որ վիբրացիան կարող էր առաջացած լինել երկրաշարժի արդյունքում։ Քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացվեց բանավոր եզրակացություն այն մասին, որ օդափոխության համակարգի անսարքության հետևանքով տեղի է ունեցել անհարմարություն առաջացնող վիբրացիա, ինչը վտանգ չի ներկայացնում։

Միևնույն ժամանակ Դալմա Գարդեն մոլը, լինելով պատասխանատու կազմակերպություն, որը մարդկանց կյանքն ավելի բարձր է գնահատում, քան շահույթի ստացումը, նախաձեռնեց միջազգային մասնագետների կողմից տարածքի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Այդ առիթով Մոսկվայից հրավիրվեցին ոլորտի մասնագետներ։

Առայժմ նշված մարմինների և մասնագետների կողմից տրված բանավոր եզրակացությունների համաձայն՝ շենքը ոչ մի կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի։

Միևնույն ժամանակ ղեկավարությունը դիմել է պետական մարմիններին գրավոր եզրակացություն ստանալու համար։

Դալմա Գարդեն մոլը հավատարիմ է մնում իր արժեքներին, ղեկավարությունը կշարունակի գործել՝ ելնելով իր հաճախորդների և գործընկերների շահերից և կվերսկսի իր բնականոն աշխատանքը 7-10 օրվա ընթացքում, երբ կունենանք պետական մարմիններից գրավոր եզրակացություն։

Շնորհակալություն համբերատարության և մեր կողքին լինելու համար։

Դալմա թիմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել