Նպաստ ստանալու իրավունքը կդադարեցվի 3 ամիս այն անհարգելի պատճառով չստանալու դեպքում. նախագիծ

Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զենյալյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին» նախագծերը:

Նախատեսվում է, նպաստ սահմանել խնամակալության տասնչորս տարին չլրացած անչափահասների, 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող  հաշմանդամ  ճանաչված, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով  դատարանով  անգործունակ  ճանաչված  քաղաքացիների  նկատմամբ:

Հաշմանդամների խնամակալությունը կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Խնամակալության նպաստ ստանալու  իրավունքը  կծագի դիմողի  դիմելու  օրվա դրությամբ, և խնամակալության նպաստը  վճարվում  է դիմելու  օրվա  ամսվան   հաջորդող  ամսից:

Խնամակալության  նպաստ ստանալու  իրավունքը  կդադարեցվի՝

1) խնամակալության նպաստի համակարգում հաշվառումից դուրս գալու դեպքում.

2 ) ՀՀ կառավարության սահմանած խնամակալության նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.

2)դիմողի կողմից  օրենքով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

3) խնամակալության նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

4) խնամակալության նպաստ ստացողի՝ խնամակալության համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակը սոցիալական պետությանը հարիր սոցիալական աջակցության ծրագրեր ունենալն է: Ներկայումս ընտանիքում խնամքի կարիք ունեցողների խնամակալները որևէ աջակցություն չեն ստանում, չեն կարողանում ունենալ նորմալ կենսագործունեություն: Նախագիծը նախատեսում է այդ համակարգում ընդգրկված անձանց տրամադրել ֆինանսական աջակցություն:

Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, առաջարկելով հստակեցնել շահառուների շրջանակը, իրականացնել համապատասխան հաշվարկներ, որոնք թույլ կտան հասկանալու պետական բյուջե անհրաժեշտ միջոցների չափը, և լրացուցիչ քննարկել խնամակալության նպաստի չափը: Խնամակալության ինստիտուտի զարգացումը և խնամակալների աջակցությունը նախատեսված է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների ծրագրով, սակայն, միաժամանակ, այդ աջակցության ձևերը պետք է մանրամասն քննարկվեն՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կարող է առաջանալ երեխայի խնամքի հարցում նյութական խթանի ներդրման դեպքում՝ խուսափելու այն իրավիճակներից, երբ երեխայի խնամքը խնամակալի կողմից կարող է պայմանավորվել առավելապես նյութական շահագրգռվածությամբ՝ ի հակասություն երեխայի լավագույն շահի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել