Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զենյալյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին» նախագծերը:
Նախատեսվում է, նպաստ սահմանել խնամակալության տասնչորս տարին չլրացած անչափահասների, 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:
Հաշմանդամների խնամակալությունը կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը կծագի դիմողի դիմելու օրվա դրությամբ, և խնամակալության նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:
Խնամակալության նպաստ ստանալու իրավունքը կդադարեցվի՝
1) խնամակալության նպաստի համակարգում հաշվառումից դուրս գալու դեպքում.
2 ) ՀՀ կառավարության սահմանած խնամակալության նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.
2)դիմողի կողմից օրենքով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
3) խնամակալության նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.
4) խնամակալության նպաստ ստացողի՝ խնամակալության համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակը սոցիալական պետությանը հարիր սոցիալական աջակցության ծրագրեր ունենալն է: Ներկայումս ընտանիքում խնամքի կարիք ունեցողների խնամակալները որևէ աջակցություն չեն ստանում, չեն կարողանում ունենալ նորմալ կենսագործունեություն: Նախագիծը նախատեսում է այդ համակարգում ընդգրկված անձանց տրամադրել ֆինանսական աջակցություն:
Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, առաջարկելով հստակեցնել շահառուների շրջանակը, իրականացնել համապատասխան հաշվարկներ, որոնք թույլ կտան հասկանալու պետական բյուջե անհրաժեշտ միջոցների չափը, և լրացուցիչ քննարկել խնամակալության նպաստի չափը: Խնամակալության ինստիտուտի զարգացումը և խնամակալների աջակցությունը նախատեսված է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների ծրագրով, սակայն, միաժամանակ, այդ աջակցության ձևերը պետք է մանրամասն քննարկվեն՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կարող է առաջանալ երեխայի խնամքի հարցում նյութական խթանի ներդրման դեպքում՝ խուսափելու այն իրավիճակներից, երբ երեխայի խնամքը խնամակալի կողմից կարող է պայմանավորվել առավելապես նյութական շահագրգռվածությամբ՝ ի հակասություն երեխայի լավագույն շահի։