Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցով նախատեսված ավտոբուսների համար «Երևանտրանս» ընկերության տարածքում նոր հավաքակայան է կառուցվում: Աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Քաղաքապետ Մարությանին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը նշել է, որ հավաքակայանի նախագծային լուծումները համապատասխանում են երթուղային նոր ցանցի պահանջներին: Հավաքակայանը կունենա նաև ավտոլվացման կետ, հանգստի սենյակներ, ճաշարան և այլն:
Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում այս պահին ձմռան նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Գործընթացն ավարտական փուլում է: Համայնքային հիմնարկի տնօրենը նշել է, որ ջրցան բոլոր մեքենաները վերափոխվել են աղցանների: Ձնամաքրման համար նախատեսված 11 տրակտորները պատրաստ են շահագործման: Արդեն իսկ պահեստավորվել է 1700 տոննա աղ և 3000 տոննա ավազ:
«Ձնամաքրման համար նախատեսված տեխնիկայի վարորդները պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի, շատ կարևոր է նաև, որ մշտապես հետևեք օդերևութաբանների կանխատեսումներին: Պարզ է, որ մեր հիմնարկը նոր է ստեղծված և տեխնիկան մինչև վերջ համալրված չէ, ուստի, գուցեև անհրաժեշտություն լինի ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել նաև այլ ընկերությունների»,- նշել է քաղաքապետը:
Քաղաքապետի շրջայցի հաջորդ կանգառը «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի շինհրապարակում էր: Ընթացքում է հիմնարկի նոր շենքի շինարարությունը: Կենտրոնը կունենա իր կլինիկան և ապահովված կլինի անհրաժեշտ բոլոր հարմարություններով:
Ընդգծելով համայնքային կենտրոնի կառուցումն օր առաջ ավարտելու կարևորությունը՝ քաղաքապետ Մարությանը միևնույն ժամանակ հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել աշխատանքների որակին:
«Թափառող կենդանիների խնդիրը հրատապ լուծվողներից մեկն է, քաղաքացիները շատ են ահազանգում այս հարցով: Համայնքային մեր կառույցը լավ է աշխատում, բայց մենք հիմա հյուրի կարգավիճակում մեկ այլ վայրում ենք, որտեղ լավ պայմաններ չկան աշխատելու համար: Հիմնարկի նոր շենքն ու կլինիկան օր առաջ մեզ պետք են»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
Քաղաքապետը նաև ծանոթացել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպմանն ու առկա խնդիրներին: 2020թ. ՀՀ կառավարության կողմից մետրոպոլիտենում առկա անվտանգության խնդիրներին լուծումներ տալու նպատակով 4 մլրդ դրամ է նախատեսվել: Տնօրենի խոսքով՝ 2012 թվականից ի վեր պետբյուջեից մետրոպոլիտենին հիմնանորոգման համար գումար չի հատկացվել:
Այնուհետ քաղաքապետին է ներկայացվել նաև մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան տանող անցումի վերանորոգման ընթացքը:
Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում այս տարի հիմնանորոգվում է ստորգետնյա հետիոտնային 4 անցում:
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/93/427799e0cd52b06f146b80d10084a8267fc54369.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/93/4710d889ac7c0eaeb7b272d520889ea112a02a58.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/93/9db4a9cb983828bc4b4d2381989fcaaf5db9c06d.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/93/a9f1d6b2eae557564c91e5cab2d8be6dddedba84.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/93/207837eee82bdae4b0d3b2103c6eca800edc4e26.jpeg)