Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասում շահագործման է հանձնվել նոր հանգստի գոտի: Այգու բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Բազմաբնակարան 15 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող շուրջ 5000 քմ տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է: Լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Բակային հատվածում նախկինում ավտոտնակներ ու բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցված տարածքներ են եղել. բանակցությունների շնորհիվ դրանք վերադարձվել են համայնքին: Այսօր այն հանրային տարածք է և հանձնվում է հանգստի գոտու հարևանությամբ ապրող շուրջ 2000 բնակիչների տնօրինմանը:
Քաղաքապետը ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Ավան վարչական շրջանի աշխատակազմին ու բոլոր այն բնակիչներին, ովքեր մասնակցել են այգու կառուցմանը:
«Այս մոտեցումը մենք պետք է ամբողջ Երևանով կիրառենք: Բոլոր այն տարածքները որոնք զբաղեցված են ավտոտնակներով և այլ կառույցներով՝ պետք է բանակցենք, վերադարձնենք, բարեկարգենք ու հանձնենք բոլոր բնակիչներին»,- նշել է քաղաքապետը:
Այգին կառուցվել է վարչական շրջանի տնտեսումների հաշվին: Ծրագրի արժեքը շուրջ 15 մլն դրամ է:
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/92/62db85c74f76ef369d245a969a2c25ca04c4c55a.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/92/3964abda550bdc903d5f888e82334c4dd4e79d56.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/92/9229087190b7625e4d83e822d37b34078e2264e0.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/92/1d99637b69b7e267e04be8d47ead6dd7ac3f1ea8.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/92/9eb480c5744855935238af958bfee8269b370a4b.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/92/22d1ff4040211a4c764592f272b912e817f98857.jpeg)
![](https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/92/3afa1a05e53e8bfcc76a7b528507559a833508f2.jpeg)