Երևանի քաղաքապետ Հակոբ Կարապետյանը երեկվա հրդեհի հետ կապված մանրամասներ է հայտնում։
«Կարծես թե, երեկվա տոնական օրվանից հետո հրդեհի հետ կապված պատմություն է եղել ցանցում, որը որոշ լրատվամիջոցներ փորձել են կապել տոնական հրավառության հետ։
Վերջնական եզրակացությունը թողնելով հետաքննությանն ու ԱԻՆ-ի մեր գործընկերներին, այս պահին կարող եմ տեղեկացնել, որ հրավառության ժամանակ ԱԻՆ-ի ստորաբաժանումները հսկողություն են իրականացրել տեղերում, եւ ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 22։06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ:
Տեղեկություն կա, որ հրդեհը մայրաքաղաքի օրվան նվիրված հրավառության պատճառով է բռնկվել։