Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 10-ին արտագնա նիստ գումարեց Լոռիում

Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 10-ին արտագնա նիստ գումարեց Լոռիում։ Այցի նպատակն էր տեղում հանդիպել դատարանի կազմի հետ և ծանոթանալ դատարանի խնդիրներին: Խորհուրդը նախ եղավ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում, ծանոթացավ իրականացվող վերանորոգման աշխատանքներին, գույքագրեց առկա խնդիրները, ապա խորհրդակցություն անցկացրեց Վանաձորի նստավայրում:  

Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։  

Աշխատանքային հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրվեց արդարադատությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված գործնական քայլերի քննարկման վրա: Արձանագրվեց, որ էլ-արդարադատության գործիքների ներդրումն անխուսափելի է, և այդ համակարգի, մասնավորապես՝ դատակենտրոնի կառուցմամբ և շահագործմամբ, ինչպես նաև էլ-դատավարության ծրագրային ապահովման ներդրմամբ հասանելի ու մատչելի կդառնա ոչ միայն ողջ արդարադատական գործընթացը, այլև այն էապես կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը և կարևոր ցուցիչ կհանդիսանա հանրային հաշվետվողականության բարձրացման, դատական իշխանության թափանցիկության ապահովման համար:  Ներկայացվեց, որ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար Խորհրդի կողմից գործնական քայլեր են տարվում նաև վճարման կարգադրությունների ավտոմատացման ուղղությամբ: 

Շեշտվեց, որ Խորհուրդը դատավորների արդյունավետ գործունեությունն ապահովող խնդիրներին լուծում տալուն զուգահեռ առաջնահերթ է համարում միջազգային գործընկեր կառույցների հետ անմիջական և կառուցողական համագործակցությունը և նախատեսում է միջազգային փոխգործակցության տարբեր ծրագրերում նաև մարզային դատավորների ներգրավվածությունը: Այն հնարավորություն կտա ծանոթանալ դատական համակարգի միջազգային լավագույն փորձին, գործնական հմտություններին և օգտակար գործիքակազմերը կիրառել ամենօրյա աշխատանքում:

Հանդիպման ժամանակ կարևորվեց դատական իշխանության և քաղհասարակության ներկայացուցիչների միջև առողջ երկխոսության ձևավորումը, ինչպես նաև մեդիաներկայացուցիչների հետ շփումներում «Զանգվածային լրատվամիջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնների» մասին Խորհրդի ընդունած որոշման դրույթներով առաջնորդվելու անհրաժեշտությունը:

Տեղի ունեցավ ակտիվ քննարկում: Դատավորների կողմից ներկայացվեցին իրենց հետաքրքրող տարբեր այլ հարցեր:

 Խորհրդի նախագահն իր խոսքում ամփոփելով մարզային այցելության արդյունքները՝ շեշտեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը շատ է կարևորում դատավորների հետ նման հանդիպումները, անկաշկանդ շփումները և Խորհրդի հետ ակտիվ, անմիջական համագործակցությունը: Նա միաժամանակ ընդգծեց, որ հանրային ընկալման տիրույթում դատարանի հեղինակությունն օբյեկտիվորեն նույնացվում է ոչ միայն դատավորի, այլև դատարանի բոլոր օղակների արդյունավետ աշխատանքի հետ: Ուստի, դատարանի հեղինակության հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևոր բաղադրիչները պետք է լինեն ինչպես դատավորների կողմից կայացված որակյալ դատական ակտերը, այնպես էլ դատական ծառայողների, դատարանների գրասենյակների աշխատակիցների, դատական կարգադրիչների արդյունավետ արհեստավարժ ու հետևողական աշխատանքը: 

Աշխատանքային հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին նաև Վանաձորի նստավայրում, ծանոթացան դատարանի աշխատանքների կազմակերպման գործընթացին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել