Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Աշխաբադում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի եզրույթներում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Երկուստեք կարևորվեց բարձր մակարդակում ծավալվող ինտենսիվ երկխոսությունը, և անդրադարձ կատարվեց երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցություններին:

«Գոհացնող է մեր երկխոսության, մեր փոխհարաբերությունների բարձր մակարդակը, մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Երևանում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովը լավ հնարավորություն էր ամենաբարձր մակարդակով անդրադառնալ այդ ինտեգրացիոն հարթակի հետագա զարգացման հեռանկարներին»,- նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգային, բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներում համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող վերջին՝ Թուրքիայի գործողություններով պայմանավորված զարգացումները:

Հանդիպմանն արծարծվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել