Երվանդ Մանարյանին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց

Հոկտեմբերի 8-ին  Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստի  ժամանակ ավագանին որոշում ընդունեց ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Քրիստափորի Մանարյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում:

Կոչումը շնորհվեց  Երևան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ՝ թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար:

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թ. օգոստոսի 10-ին, Արաքում։
1946թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ 1957-1959թթ. եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988թ.-ից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։

1959-1961թթ. որպես գեղարվեստական ղեկավար աշխատել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիրգեղարվեստական ղեկավար։ Աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր։

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

Անվանի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Երվանդ Մանարյանը գրել է բազմաթիվ սցենարներ՝ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար, ինչպես նաև հրատարակել է մի շարք պատմվածքներ և հոդվածներ:

2005թ. Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչումը, 2018թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին ներդրած ավանդն ու ակնառու վաստակը թատերարվեստի և կինոարվեստի զարգացման բնագավառում, ինչպես նաև երկարամյա և բեղմնավոր գործունեությունը՝ առաջարկվում է Երվանդ Քրիստափորի Մանարյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել