ԵՊՀ գիտխորհուրդը բացասական կարծիք է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծին

ԵՊՀ գիտխորհուրդը հոկտեմբերի 3-ի նիստում քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և բացասական կարծիք ներկայացնել նախագծի վերաբերյալ:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ասել է, որ քննարկման ընթացքում կներկայացվեն դիտարկումներ, կլինեն ելույթներ, բացի դրանից՝ բոլորը կարող են հանդես գալ գրավոր առաջարկություններով մինչև այսօր՝ հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ը։

«Բոլոր առաջարկությունները կհամակարգվեն և կներկայացվեն ամսի 5-ին տեղի ունենալիք ռեկտորների խորհրդի նիստին: Այսինքն՝ ոչ միայն գիտխորհրդի միասնական կարծիքն է ներկայացվելու, այլև անհատների առաջարկները»,-ասել է նա, հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը:

Գևորգյանի խոսքով, օրենքի այս նախագիծն արդեն երրորդ տարին է շրջանառվում, դրույթներ կան, որ ներառվում են, հետո հանվում: «Պարզ չէ, թե որ պահին պիտի ամրագրենք, որ ընդունելի լինի գիտակրթական հանրությանը: Միակ հիմնարար նոր դրույթը, որ այսօր կա այս նախագծում, գիտության ներառումն է»,- ասել է Գեղամ Գևորգյանը:

Նա նշել է, որ օրենքի այս նախագծի համաձայն՝ Գիտությունների ազգային ակադեմիայի դերը գրեթե զրոյացվել է, սակայն առաջարկել է դրա վերաբերյալ քննարկում չծավալել այսօր՝ հույս հայտնելով, որ դրա հետ կապված առանձին քննարկում կկազմակերպվի:

Գեղամ Գևորգյանը գիտխորհրդին ներկայացրել է այն դրույթները, որոնք առարկելի են: Մասնավորապես՝ առաջին նկատառումը վերաբերում էր օրենքի նախագծի գլուխ 1-ի այն դրույթին, ըստ որի՝ անցում է կատարվում գիտական մեկ աստիճանի համակարգին:

«Բազմիցս քննարկվել է այս հարցը: Ես առաջարկում եմ նախագծում ներդնել դոկտորի գիտական աստիճանը, որը տրվում է գիտակրթական ծրագրերի իրականացման և դոկտորական ատենախոսության պաշտպանության արդյունքում: Թե որ աստիճանն ինչ գիտական չափորոշիչների պետք է համապատասխանի, դա թող որոշվի»,- ասել է Գեղամ Գևորգյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել