Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նոր նախագիծ է ներկայացրել:
Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:
Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Պատգամավորը առաջարկում է նաև այս կարգով հաշվարկել համատեղությամբ մեկից ավելի տեղերում աշխատելու ժամանակահատվածը:
Պատգամավորը նշում է նաև, որ քաղաքացիների մեջ բավական մեծ թիվ են կազմում մարդիկ, ովքեր աշխատել են և աշխատում են համատեղության կարգով` հարկեր վճարելով ոչ միայն մեկ, այլ յուրաքանչյուր աշխատատեղից: Սակայն աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման ժամանակ դա անտեսվում է, քանի որ դա նախատեսված չէ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Գործող օրենքի համաձայն քաղաքացիների աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման ժամանակ հաշվի են առնում միայն մեկ աշխատատեղի ստաժի տարիները` մեկ օրացույցային տարվա համար հաշվարկելով միայն մեկ տարի:
Նախագծով առաջարկվում է աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման ժամանակ հաշվարկել նաև համատեղությամբ աշխատած տարիների քանակը` առնվազն գոնե ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի սահմանափակումների շրջանակներում, այն է տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից»,-նշված է հիմնավորման մեջ: