Թարմ միս-մսեղիքի վաճառքի շուկան շարունակում է մնալ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում:ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը, խորհրդական Արթուր Շատվորյանը և Լոռու մարզային կենտրոնի մասնագետներն անակնկալ այցելել են Վանաձորի մսի վաճառքի տաղավարներ: Նրանց միացել են նաև Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի և ոստիկանության պատասխանատուները:
Շրջայցի ընթացքում կրկին ստուգվել է մսի վաճառքի կետերում տիրող իրավիճակը, գործունեության օրինականությունը: Թարմ մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին մեկ անգամ ևս հորդորվել է պահպանել միս-մսեղենի իրացման սանիտարահիգիենիկ նորմերը, ապահովել անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությունը:
Հայտնաբերվել է օրենքի խախտումով գործող Ա/Ձ Գառնիկ Գևորգյանի վաճառակետը (նախորդ այցերի ժամանակ միշտ փակ է եղել), որտեղ արձանագրվել են նաև մսի իրացման նորմերի շեղումներ: Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել է, առկա մսեղիքի ողջ խմբաքանակը հանվել է վաճառքից: Տրվել են հանձնարարականներ, որոնց կատարման համար սահմանվել է ժամկետ:
Շրջայցից հետո ՍԱՏՄ պատասխանատուները մասնակցել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մոտ կազմակերպված խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են նախորդ մի քանի ամիսների ընթացքում կատարված պարբերական այցերի արդյունքները, առկա իրավիճակը գնահատվել է դրական, երկուստեք կարևորվել է վերահսկողական միջոցառումների շարունակականությունը: